COP17-ը կանցկացվի Հայաստանում, նախարարը համաձայնագիր է ստորագրել

Նախարար Համբարձում Մաթևոսյանը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը ստորագրել են «COP17-ը հյուրընկալելու մասին» համաձայնագիրը։

Այս մասին Iravaban.net ֊ը տեղեկանում է ՀՀ շրջկա միջավայրի նախարարությունից։

Նախարար Համբարձում Մաթևոսյանի Նյու Յորք այցը եզրափակվեց բացառիկ կարևորության իրադարձությամբ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը՝ ի դեմս կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանը ստանձնում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ, Կարթագենյան արձանագրության կողմերի համաժողովի քսաներորդ և Նագոյայի արձանագրության կողմերի վեցերորդ հանդիպումները։

Սա իրավական պարտավորություն է, որով ամրագրվում է Հայաստանի պատրաստակամությունը և պատասխանատվությունը համաժողովի կազմակերպման հարցում։ Համաձայնագրով երկիրը պարտավորվում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը։ Այս դրույթները կոչված են երաշխավորելու միջոցառման բարձր մակարդակով անցկացումը և ամուր հիմք ստեղծելու Հայաստանի և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության արդյունավետ համագործակցության համար։

Փաստաթուղթը հստակ սահմանում է երկու կողմերի՝ Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարության դերերն ու պարտականությունները՝ հնարավորություն ընձեռելով ապահովելու միջազգային ամենախոշոր բնապահպանական համաժողովի սահուն իրականացումը։

COP17-ը համախմբելու է տասնյակ երկրների ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Հայաստանի հյուրընկալումը երկրի համար հնարավորություն է ստեղծելու աշխարհին ներկայացնելու ոչ միայն իր հարուստ կենսաբազմազանությունն ու բնության պահպանության նախաձեռնությունները, այլև իր կարողությունները որպես միջազգային կարևոր միջոցառումների վստահելի կազմակերպիչ։

2026 թվականին Հայաստանը դառնալու է գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոն՝ ստեղծելով նոր հարթակ միջազգային կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների առաջխաղացման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել