Վարչապետի աշխատակազմը գաղտնի է պահում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի միակ հավանական թեկնածուի որակավորման մասին տվյալները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար Կառավարության հայտարարած մրցույթին դիմել է միայն մեկ անձ՝ Ռաֆայել Երիցյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է Վարչապետի աշխատակազմին ուղղված հարցմանն ի պատասխան։

Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նա զբաղեցրել է ԱԱԾ գլխավոր վարչության պետի պաշտոնը (2022-ի նոյեմբերից մինչև 2024-ի հունվարի 18-ը), անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։

Iravaban.net-ն իր հարցմամբ Վարչապետի աշխատակազմից խնդրել էր տրամադրել պաշտոնը զբաղեցնելու համար դիմողի կենսագրական տվյալները, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմին ներկայացրած փաստաթղթերը՝ ոլորտում իր փորձառության, հակակոռուպցիոն ոլորտում իր գործունեության մասին։

Հիշեցնենք՝ կոմիտեի նախագահի ընտրության մրցույթին մասնակցելու համար անձն այլ փաստաթղթերի հետ մեկտեղ նաև պետք է ներկայացնի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթեր, ինքնակենսագրություն, քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը հավաստող կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը հավաստող փաստաթղթի պատճեններ և մի շարք այլ փաստաթղթեր։

Վարչապետի աշխատակազմից հայտնել են սակայն, որ միակ հավանական թեկնածուի կենսագրական տվյալները, ինչպես նաև ոլորտում իր փորձառության, հակակոռուպցիոն ոլորտում իր գործունեությունը հավաստող Վարչապետի աշխատակազմ ներկայացված փաստաթղթերը տրամադրելը մերժվում է։

Աշխատակազմից հղում են կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածին, որը վերաբերում է տեղեկատվության ազատության սահմանափակումներին։ 

Հիշյալ կարգավորման համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.

2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։

Հղում է կատարվել նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 11-րդ (Հանրամատչելի անձնական տվյալները) և 26-րդ հոդվածներին (Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը)։ 

Վարչապետի աշխատակազմի կողմից տեղեկատվության տրամադրման մերժումը լուրջ մտահոգություններ է առաջացնում թափանցիկության և հանրային վերահսկողության տեսանկյունից։

Առաջին հերթին, պետք է հասկանալ, որ խոսքը գնում է ոչ թե մասնավոր անձի, այլ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հավակնող միակ հավանական թեկնածուի մասին: Երբ անձը դիմում է նման բարձր պաշտոնի, նա գիտակցաբար ընդունում է, որ իր մասնագիտական որակներն ու փորձը դառնալու են հանրային քննարկման առարկա։

Հատկանշական է, որ հարցման շրջանակներում պահանջվել են բացառապես մասնագիտական փորձին և որակավորմանը վերաբերող տվյալներ, որոնք անհրաժեշտ են հանրությանը՝ գնահատելու հավանական թեկնածուի համապատասխանությունը նման պատասխանատու պաշտոնին:

Վարչապետի աշխատակազմի հղումն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին այս դեպքում տեղին չէ: Օրենքը հստակ սահմանում է, որ հանրամատչելի են համարվում այն տվյալները, որոնք անձի գիտակցված գործողությունների արդյունքում մատչելի են դառնում հանրության համար: Բարձր պաշտոնի համար դիմելը հենց այդպիսի գիտակցված գործողություն է:

Ավելին, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը, պահանջում է ապահովել հանրային որոշումների կայացման գործընթացի առավելագույն թափանցիկություն: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակումն, անկասկած, այդպիսի գործընթաց է։

Տեղեկատվության մերժումը խոչընդոտում է նաև լրագրողական գործունեությունը։ Լրատվամիջոցները չեն կարողանում իրականացնել իրենց հանրային վերահսկողության գործառույթը, ինչը կարևորագույն նախապայման է ժողովրդավարական հասարակությունում:

Այս մերժումը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե Վարչապետի աշխատակազմը չի տրամադրում տեղեկատվություն Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի միակ հավանական թեկնածուի մասին, ապա ինչպե՞ս է ապահովվելու կոռուպցիայի դեմ պայքարի թափանցիկությունը:

Հատկանշական է նաև, որ Վարչապետի աշխատակազմն անտեսել է նաև հարցազրույցի կազմակերպման վերաբերյալ խնդրանքը: Նման լռությունը վկայում է ոչ միայն թափանցիկության պակասի, այլև պետական մարմնի կողմից մամուլի հետ համագործակցության բացակայության մասին, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում ժողովրդավարական երկրում:

Պետք է նաև հիշեցնել, որ Ռաֆայել Երիցյանն արդեն իսկ զբաղեցրել է բարձր պաշտոն և ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրեր, որոնք հրապարակվել են նախկինում։ Պաշտոնի համար պահանջվող որակավորումը և փորձը չեն կարող դիտարկվել որպես գաղտնի տեղեկություն: Դրանք ուղղակիորեն կապված են հանրային պաշտոնի հետ և պետք է լինեն թափանցիկ:

Iravaban.net-ը ներկայացնում է նաև Ռաֆայել Երիցյանի՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որը ներկայացվել է 2024-ին։

Երիցյանը համատեղ սեփականության իրավունքով 2 հողամասի է տիրապետում, 2-ն էլ ձեռք է բերել 2001-ին։ Բացի այդ, նրան է պատկանում 2023-ին ձեռք բերված բնակարանի 25 տոկոսը։

Երիցյանը հայտարարագրել է նաև 2019 թվականին թողարկված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023-ին։ Պաշտոնի դադարեցման օրվա դրությամբ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից վերցված փոխառության գումարը կազմում է 26,499,321 դրամ։ 3 տարբեր բանկերում հայտարարատուն հայտարարագրել է 3825, 1749 և 42 հազար 22 դրամի մասին։ 

Ռաֆայել Երիցյանը նաև եկամուտ է ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որը կազմել է 646 հազար դրամ։ Նա նաև մասնակցություն ունի «ԵՎԱ-ԲԿՎ» ընկերությունում՝ 40 տոկոսի չափով։ Նա հայտարարագրել է նաև 15 միլիոն կանխիկ դրամ։

Պարզել ենք, որ նշված ընկերությունը զբաղվում է թղթե տոպրակների արտադրությամբ, սակայն ՍՊԸ-ի գործունեւոթյունն այժմ ժամանակավորապես դադարեցված է։

Հիշեցնենք՝ Iravaban.net-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը հակակոռուպցիոն պայքարի լուսաբանման գործում, շարունակում է հրապարակումների շարքը՝ ուշադրության կենտրոնում պահելով երկու առանցքային գործընթացներ․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգող տեղակալի նշանակման գործընթացները: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և ապօրինի գույքի բռնագանձումը վճռորոշ նշանակություն ունեն երկրում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության համար։

Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում ընդգրկված են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որոնք ենթադրաբար պետք է ապահովեն մրցույթի բաց և թափանցիկ լինելը։

Հետաքրքիր կլինի նաև լսել նրանց դիրքորոշումը Վարչապետի աշխատակազմի նման պատասխանի և դիրքորոշման վերաբերյալ։ Ամեն ինչ «մաքուր» չի ընթացել նաև խորհրդում ՀԿ-ների ներգրավվման գործընթացում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ խորհրդում արդեն ընդգրկված 3 անդամները փոխկապակցված են, ստեղծվել է շահերի բախման իրավիճակ խորհրդում։ Նրանք են ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

Դրա դրսևորումն արդեն առաջին նիստի ընթացքում խորհրդի նախագահի ընտրությունն է։ Առաջին նիստի ընթացքում խորհուրդը պետք է նախագահ ընտրեր։ Ինքնաառաջադրումներ չեղան, այդ ժամանակ տիկին Չատինյանը հայտարարեց, որ առաջարկում է Կարեն Թումանյանի թեկնածությունը, որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի նախագահ։

Մեր ուսումնասիրության արդյունքում նաև փորձել էինք հասկանալ, թե ինչպես են հենց նշված ՀԿ-ները հայտնվել մրցութային խորհրդում։ Վերջին հարցի հետ կապված հարցում է կատարվել Վարչապետի աշխատակազմին, մանրամասները խոստացել էինք անդրադառնալ հաջորդ հրապարակումներում, սակայն Վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել Iravaban.net-ի հարցմանը։

Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ անձ։ Հիմնավոր կասկածներ կան, որ իրական մրցույթ չի անցկացվելու, այլ տեղի է ունենալու միայն հավանական թեկնածուի համապատասխանության ստուգում՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին։

Թեև օրենքը չի արգելում մեկ թեկնածուի մասնակցությամբ մրցույթը, սակայն նման ընթացակարգը վստահություն չի ներշնչում, օրենքում համապատասխան օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել