Հետախուզվող Նվեր Ծառուկյանը Բելառուսում է․ նոր մանրամասներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։

Քննչական կոմիտեից էլ  Iravaban.net-ին հայտնել էին, որ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Կապ հաստատեցինք փաստաբան Էմին Խաչատրյանի հետ, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է․ «Կենցաղային բնույթի ինչ-որ խնդիր է եղել, ու այդ մեղադրանքը, իմ կարծիքով, իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է։

Նվեր Ծառուկյանը այս պահին գործուղման մեջ է, ես արդեն առիթ ունեցել եմ տեղեկացնելու թե՛ վարույթն իրականացնող մարմնին, թե՛ լրատվամիջոցներին:

Քանի որ նա հանդիսանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մոտ 30 տոկոսի բաժնետեր, այդ կապակցությամբ որոշակի գործեր կան, որոնց հետ կապված գործուղման մեջ է գտնվում»։

Փաստաբանը նշեց, որ վերադառնալու դեպքում դիմումով կտեղեկացնեն վարույթն իրականացնող մարմնին, կհնչեցնեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Տեղեկացանք, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել