«Մեզ համար Վլադիմիր Գասպարյանի կինը Իռան էր»․ դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, նոյեմբերի 13-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով քննությունը։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել։

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:

Դատական նիստին, որպես վկա ծանուցվել, սակայն չեն ներկայացել Արտակ Հարությունյանը, Տիգրան Օրդուխանյանը և Կարեն Մարգարյանը։

Դատական նիստին ներկայացել էր վկաներից ընդամենը մեկը՝ Աղաբեկ Գրիգորյանը։

Հանրային մեղադրող Արսեն Գևորգյանի հարցին, թե ներկայացված անձանցից ում է ճանաչում և որտեղից, Աղաբեկ Գրիգորյանը պատասխանեց՝ ճանաչում  է Վլադիմիր Գասպարյանին, աշխատել է նրա ենթակայության տակ։ Գևորգյանի հարցին, թե որ թվականներին է Գրիգորյանը աշխատել Ռազմական ոստիկանությունում, պատասխանեց՝ 1994-2021 թվականներին, որից 2004-2011 թվականներին վաշտի հրամանատար է եղել, հետո ԶԻԼ (Զորամասն ինքնակամ լքածների դեմ պայքարի) բաժնում օպեր-լիազոր:

-Էդ ժամանակահատվածում Ձեր բաժնի մյուս աշխատակիցների անունները կհիշե՞ք։ 

-Շատ-շատ ենք եղել, շատ-շատ ենք եկել-գնացել։ Եթե նույն բաժնում ենք աշխատել, իհարկե, հիշում եմ՝ Աշոտ, Գարիկ, Տիկո, Անո, Ալինա։

-Կանանցից ասացիք Ալինա, Անահիտ, այլ կին աշխատակից այդ ժամանակահատվածում Ձեր բաժնում, Ձեր հետ աշխատե՞լ ա։

-Բաժնում մեր հետ, չէ։

-Իսկ Սուսաննա Սարդարյան տվյալներով մարդու ճանաչո՞ւմ եք։

-Հա՛։

-Կասե՞ք՝ որտեղից եք ճանաչում։

-Հիմնարկից, վարչությունից։ Բաժնում չէ, բայց վարչությունից գիտեմ՝ ում մասին եք խոսում։

-Այսինքն, Ձեր աշխատելու ժամանակի՞ց եք ճանաչում։

-Հա՛, իհա՛րկե։

-Ի՞նչ պաշտոն է զբաղեցրել։

-Չեմ կարող ասել։ Ես այդ ժամանակ  կադրային հարցերի մեջ չեմ եղել։ Մեզ պետք չի եղել, որ մենք հետաքրքրվենք՝ ինքը ինչ հաստիք ա զբաղեցնում։

-Իսկ այդ ժամանակ Սուսաննա Սարդարյանի և Վլադիմիր Գասպարյանի կապի մասին տեղեկություն ունեցե՞լ եք։

-Ո՛չ։

Դատախազի հարցին, թե ընդհանուր քանի անգամ է Գրիգորյանը տեսել Սուսաննա Սարդարյանին և ինչ ինտերվալով, վկան պատասխանեց, որ մեկ- երկու անգամ է տեսել, դիմացի մասնաշենքում, որտեղ կենտրոնական շտաբն էր։

Հարցին՝ բաժնի մյուս աշխատակիցները նույնպես տեսել են Սուսաննա Սարդարյանին, Գրիգորյանը պատասխանեց, որ չգիտի, ինքն ի՞նչ իմանա։

Դատավորի հարցին, թե Գրիգորյանը որտեղից է իմացել, որ Սուսաննա Սարդարյանը վարչությունում է աշխատում, Գրիգորյանը պատասխանեց․ «Դե եթե վարչությունում ա, հարգելի՛ դատավոր, վարչության աշխատող պետք ա լինի, չեմ կարծում, որ ուրիշ տեղից կգար վարչություն, էդ ժամանակ»։ 

Գրիգորյանի խոսքով՝ Սուսաննա Սարդարյանին ստուգատեսների ժամանակ չի տեսել շարքում, մեծ ստորաբաժում է, հնարավոր է եղել , բայց ինքը չի տեսել։

-Ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցներին բոլորին ճանաչե՞լ եք։

-Չէի ասի՝ բոլորին։ Էն մասին, ում հետ առնչվել եմ դեմքով, կարողա տեսնեմ հարցնեմ՝ ով ա, ասեն՝ էս ինչ մարդն ա, ճանաչեմ։ Նենց չի, որ բոլորին կարայինք ճանաչեինք։ 

-Իսկ ի՞նչ եք իմացել, որ էդ անձնավորությունը հենց Սուսաննա Սարդարյաննա։

-Դե Սուսան են ասել, ես չեմ կարող ասել Սուսան Սարդարյանի մասինա խոսքը , թե չէ։ Էդ Սուսան անձնավորությունը, որ գիտեմ աշխատելա, տեսել եմ։ Ազգանունով պարտադիր չի ես բոլորին իմանամ, հարգելի դատարան։

-Դու՞ ք եք հետաքրքրվել, թե՞ պատահական եք իմացել։

-Չէ՛, պատահական, հո, չեմ գնալու հարցնեմ։ Պատահական, դա պատահականության սկզբունք կարա լինի։

Դատախազի հարցին՝ այդ ժամանակաշրջանում աշխատավարձ ստանալիս Գրիգորյանը ցուցակների մեջ տեսե՞լ է Սարդարյանի անունը, կամ երբևէ նայե՞լ է աշխատավարձի ցուցակները, Գրիգորյանը պատասխանեց, որ չէր կարող նայել, հաշվապահն իր անվան դիմաց նշում էր անում, ստորագրում, ստանում էր, իր ի՞նչ գործն է։

-Իսկ ԶԻԼ բաժնում աշխատելու ընթացքում Ձեզ մոտ գործուղված անձինք եղե՞լ են։

-Չեմ կարա ասեմ, ես կադրային քաղաքականությունով ընդհանրապես չեմ հետաքրքրվել, չեմ իմացել։ Գործուղված ա, թե ինքը մեր աշխատակիցնա, հավատացած եղեք ազնվությամբ երդվում եմ, չեմ հետաքրքրվել նման բաներով։

-Երբ որ քննիչին ցուցմունք էիք տալիս, նշել եք էն հանգամանքները, որը ձեզ հայտնիա՞, թե՞ հնարավորա քննիչը ձեզ ուղորդած լինի։

-Չէ, ի սեր Աստծո, քննիչը ինչի՞ պետքա ինձ ուղղորդի կամ ճնշի։ Էդ պահին ինչ իմացել եմ էդա։ Շատ ժամանակա անցել, կարողա բաներ լինի չհիշեմ, չեմ թաքցնում։

Դատախազ Արսեն Գևորգյանը միջնորդեց առկա հակասությունների պայմաններում վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված հրապարակել։ Դատախազի գնահատմամբ նախաքննության ընթացքում և հիմնական դատավարությունների ընթացքում վկայի կողմից տրված ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ։ Նախաքննության ընթացքում վկան նշել է, որ Սուսաննա Սարդարյան անձ չի տեսել, չի ճանաչել, բայց դատարանում նշում է, որ երկու անգամ տեսել է ու աշխատել է Ռազմական ոստիկանությունում։ 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն առարկեց՝ ասելով, որ այդտեղ էական հակասություն չի տեսնում և նշեց, որ վկան Սուսաննա Սարդարյան հենց չի ճանաչել, իմացել է, որ էդտեղ Սուսաննա անունով անձնավորությունը աշխատել է։ 

«Այսինքն էստեղ էական հակասությունը ես չեմ տեսնում, այլ հակասություններ նույնպես չունենք, ուստի բացակայում է նախաքննական ցուցմունքները հրապարակելու կարիքը»,-նշեց նա։

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Նախաքննության ընթացքում Աղաբեկ Գրիրգորյանը նշել է, որ Սուսաննա Սարդարյանը Ռազմական ոստիկանությունում  չի աշխատել, որովհետև աշխատելու դեպքում հնարավոր չէ ինքը չիմանար այդ մասին, որովհետև ճանաչել է ապարատի գրեթե բոլոր հիմնական ծառայողներին, որոնց թվում, սակայն Վլադիմիր Գասպարյանի կինը չի եղել, անգամ չեն իմացել, որ նա հրամագրված է Ռազմական ոստիկանությունում և նշանակված է որևէ պաշտոնի։

Դատախազի հարցին, թե համապատասխանում են արդյոք իրականությանը նախաքննական ցուցմունքում նշված հանգամանքները Գրիգորյանը պատասխանեց․  «Պարոն փոխգնդապետ, Ձեր կարդացածը, այո, իմ ընթերցածն է, հիշում եմ։ Սուսաննա Սարդարյանը չէր կարող տվյալ ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանի կինը լինել։ Սուսաննա Սարդարյանը ՌՈ-ի աշխատակիցա, Գասպարյանի կինը մեզ համար էդ ժամանակ տիկին Իռան ա եղել»։

-Դուք ձեր նախաքննական ցուցմունքում ասել եք, որ «Սուսաննա Սարդարյան» անուն-ազգանունով աշխատակցի չեք ճանաչել։

-Հիմա էլ եմ ասում՝ ես Սուսանի եմ ճանաչել՝ որպես հասարակ աշխատակից, ես կարող եմ պնդել։

-Ինչո՞վ է պայմանավորված ձեր նախաքննական ցուցմունքի և դատարանում ասվածի հակասությունը։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը առարկեց հարցի դեմ ասելով․ «Վկան հստակ պատասխանեց, մեզ համար Վլադիմիր Գասպարյանի կինը Իռան էր, իսկ Սուսաննա Սարդարյանի ծառայելու մասին, նա Սարդարյան էր, Գասպարյան էր, բուն էդ կնոջ մասով չի իմացել։ Վկան սպառիչ պատասխանը տվել էր, խնդրում եմ հարցը հանել»։

Դատարանը հարցը հանելու պահանջը բավարարեց մի մասով, որովհետև վկան ասել էր, որ ճանաչել է «Սուսան» անունով անձի, Սուսաննա Սարդարյանի անունը չի նշել։ Մյուս մասով խնդրեց պատասխանել։

-Սուսաննա անունով, կարա ավելի շատ Սուսաննա անունով աշխատողներ լինի։ Կոնկրետ իմ հետ նույն սենյակում չի նստել, չի աշխատել։ Հիմա դրա համար եմ ասում՝ Սուսաննա անունով մարդ ճանաչել եմ, «Սուսաննա Սարդարյան» անունով անձ այսօր էլ կարողա տեսնեմ, չճանաչեմ։

-Եթե ձեր մատնանշած Սուսաննայի ազգանունը չգիտեք, ի՞նչ գիտեք, որ ձեր նշած անձը հենց Սուսաննա Սարդարյանն է, կամ ինչքանով եք վստահ, որ նա Սուսաննա Սարդարյանը չի։ Ինչպե՞ս եք կտրականապես հերքել, որ նման անձի չեք ճանաչել։

-Կդժվարանամ պատասխանել հարցին։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հարցին՝ հիմա, երբ Գրիգորյանը բավականին տվյալներ ունի իր ճանաչած Սուսաննային նույնացրե՞լ է Սուսաննա Սարդարյանի հետ, պատասխանեց, որ չի նույնացրել, չի էլ հիշում։

Վկայի հարցաքննությունը ավարտվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին ժամը 12։00-ին։

Լիլիթ Խաչատրյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել