Վերմիշյանի գործով փաստաբանների ներկայացրած նոր ապացույցներն էականորեն նվազեցրել են դատախազության պահանջը

Հակակոռուպցիոն դատարանում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը նշեց, որ պատասխանողի ներկայացուցիչների կողմից մի քանի ապացույցներ են ներկայացվել, որոնց մեջ առկա են Սլովենիայի Հանրապետությունից ստացված քաղվածքներ, աշխատանքային պայմանագրեր, նաև ՌԴ հարկային մարմնից ստացված տեղեկատվություն, դատախազության կողմից այդ փաստաթղթերի վերաբերյալ վերահաշվարկ է կատարվել։

«Նշեմ, որ վերահաշվարկի արդյունքում էլի 50 միլիոն դրամը գերազանցող գույք մնում է, պահանջը նվազում է, բայց հայցից հրաժարում չի լինելու, որովհետև ներկայացված ապացույցների վերահաշվարկի արդյունքում 50 միլիոն դրամ գույքը դեռ առկա է»,-ասաց նա։

Պատասխանող Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը հայտնեց, որ բացի ներկայացված փաստաթղթերից, մի շարք տվյալներ կան, որոնց ստացման համար մյուս փաստաբանը դիմել է ՌԴ` առևտրային բանկերից այդ տեղեկատվությունը ստանալու նպատակով, ու մինչ օրս դեռ պատասխան չունեն։

«Հաշվի առնելով, որ պարբերաբար խոսում ենք մեր գործընկերոջ հետ, այս հարկային տեղեկատվությունը տևեց մոտավորապես 2 ամսից ավելի, կարծում եմ՝ բանկային տվյալները ավելի շուտ պետք է լինեն, քանի որ առևտրային կազմակերպության մասին է խոսքը։ Երևի թե 1 ամսվա շրջանակներում»,-ասաց Մելքումյանը։

Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ այդ պատասխանների ստացման պայմաններում կարող է գործը տարիներով երկարաձգվել․ «Ուզում ենք հասկանալ՝ ձեր ապացույցների ծավալը վերջնական երբ եք պատրաստվում ներկայացնել, որովհետև ամեն անգամ նոր ապացույցներ են ներկայացվում, մենք էլ անընդհատ վերահաշվարկ ենք անում, և ստացվում է՝ անարդյունավետ ենք գործում։ Խնդրում եմ հայտնել՝ որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ ապացույցները ձեռք բերվեն, ներկայացվեն, որ մենք էլ հասկանանք արդյունավետության տեսնակյունից»։

Արմեն Մելքումյանն ասաց՝ գործ ունեն այլ երկրում առկա ապացույցների հետ, իր վստահորդը 1990 թ․-ից սկսած առևտրային գործունեությունը ծավալել է ՀՀ սահմաններից դուրս, ու մասնավոր հարցումներով փորձում են տեղեկատվությունը տարբեր երկրներից ստանալ, ինչը հավելյալ բարդություններ է առաջացնում։

«Մեր կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի այդ տեղեկատվությունը կարողանանք վերցնել, հետևաբար մոտավորապես 1 ամիս գնահատում ենք, որ կպահանջվի հենց էն ակնկալվող տեղակտվությունը, որ սպասվում է մասնավոր բանկերից պարոն Վերմիշյանի բանկային տվյալների վերաբերյալ տեղեկատվությանը վերցնելու համար»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ այս դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչները միջնորդությամբ հանդես եկան, որը վերաբերում էր Կենտրոնական բանկից Վահագն Վերմիշյանի վերաբերյալ որոշակի տեղեկատվության ստացմանը։ Միջնորդությամբ պատասխանող կողմը կարևոր է համարել այն, թե կատարված գործարքների վերաբերյալ արդյոք որևէ հաշվետվություն ներկայացվել է, թե ոչ, և եթե այո, ապա դրանք կոնկրետ որ գործարքներին են վերաբերել։

Դատախազի հարցին, թե ինչու են հիմա ներկայացնում այդ միջնորդությունն այն դեպքում, երբ ապացուցման պարտականությունը վաղուց է բաշխվել կողմերի միջև, ինչով սահմանվել է ապացույցներն ու դրանց ձեռքբերմանն ուղղված միջնորդությունների ժամկետները։
Պաստախանողի մյուս ներկայացուցիչը նշեց, որ գործի շրջանակներում անընդհատ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ գործի օբյեկտիվ քննության համար։ Ընդգծեց, որ ապացուցման բեռի բաշխմման ժամանակ դատարանը նշել է՝ կողմներին հնարավորություն կընձեռվի ներկայացնել համապատասխան ապացույցները, ինչպես նաև միջնորդություններ՝ այդ ապացույցների ձեռքբերման համար։

Արմեն Մելքումյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց հետևյալը․ «Մեզ վրա դրվել է պարտականություն` նշված գույքերի ձեռքբերման օրինականության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել, այս միջնորդությունն այդ ապացույցների ձեռքբերման մի հատվածն է, որտեղ, ըստ էության, մենք միջնորդում ենք դատարանին, որպեսզի ԿԲ-ից հնարավորության դեպքում ձեռք բերենք այն տեղեկատվությունը՝ արդյոք գույքերի ձեռքբերման ժամանակահատվածում կասկածելի է թվացել այս գործարքները, թե ոչ»։
Այս միջնորդության դատարանը կանդրադառնա առանձին դատական ակտով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել