«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Կոտայքի թեմի Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Հմայակյանի հետ Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում զրուցել է «Կրոնական խորհրդանիշները հանրային տարածքներում. Իրավական, հասարակական և հոգևոր ասպեկտները» թեմայով։
-Մենք ունենք այն գիտակցությունը, որ Հայաստան աշխարհի ամեն անկյունը սրբավայր է, որքանո՞վ է նպատակահարմար ամեն անկյունում տեղադրել, խաչեր և կրոնական տարբեր խորհրդանիշներ։
-Կարող է հարց առաջանալ, թե ինչի համար է պատմիչն ասում, որ սուրբ է Հայաստան աշխարհը, արդյոք դա կապված է այն բանի հետ, որ ամեն քայլափոխին կան մատուռներ, խաչքարեր, եկեղեցիներ, թե՞ այլ իմաստ են տեսել պատմիչները։ Այս հարցի պատասխանն այն է, որ մարդիկ ապրել են սրբության գիտակցումով և զգացումով։ Անշուշտ, խաչքարերը, մատուռները, եկեղեցիները մեզ սրբության մասին հիշեցնողներն են, բայց հանգամանքը այն իրականության մեջ է, թե այդ սրբության հիշողությունները որքանով կարող է ներթափանցել մարդու մեջ։ Մարդը սրբությունն իր ներսում կրելով՝ դնում են խաչքարեր կամ կառուցում են սրբատեղիներ։ Դրանք դառնում են հանդիպման վայրեր, որտեղ գալով մարդը պետք է վերագտնի Աստծուն։
-Արդյոք համաձայնեցվում է եկեղեցու հետ կրոնական որևէ խորհրդանիշ՝ խաչ, կամ այլ սրբապատկեր հանրային տարածքներում տեղադրելը, և ով է իրավասու թույլատրել կամ արգելել դրանց տեղադրումը:
-Սովորաբար պետք է թեմի առաջնորդներին տեղյակ պահեն և համապատասխան կարգադրություններից հետո տեղյակ պահեն համայնքապետին, եթե ոչ մի առարկություն չլինի, կարծում եմ՝ խնդիր չի առաջանա։
-Ինչպե՞ս են ընկալվում կրոնական խորհրդանիշները հանրային տարածքներում հանրության կողմից:
-Մեր եկեղեցին պատկերապաշտ է։ 7-րդ դարում դեռևս քննարկումներ են եղել և որոշվել է, որ մեր եկեղեցին պատկերահարգ է և մենք ընդունում են պատկերի մեջ պատկերվածը։ Անգամ եկեղեցականները բերում են օրինակ՝ ասելով, որ մենք երբ համբուրում ենք պատկերը, ոչ թե պատկերն ենք համբուրում, այլ պատկերի մեջ նկարվածին։ Մարդն իր կրոնական զգացումները կարող է տարբեր ձևով արտահայտել։ Պատկերները, եթե նպաստում են ներքին մարդու զարգացմանը, ապա դա դրական է։ Սակայն, երբեմն պատկերը կարող է օգտագործվել, ոչ հարիր տեղում և ոչ հարիր իմաստով։
-Այնտեղ, որտեղ տեղադրված են խաչեր, դա համարվո՞ւմ է սրբավայր։
-Այդ խաչերը կարող են դառնալ հիշեցնողները, որ սրբության մասին մարդը սկսի մտածել և դառնան այն ուժը, որ մարդը քայլի դեպի սրբությունները։ Եթե պետք է խաչքար կամ մատուռ լինի և դրա կողքը աղբ թափվի, ապա այս իմաստով անընկալելի է։ Անընկալելի է նաև մարդկանց վերաբերմունքը։ Եթե մարդն ապրում է հոգևոր արժեքներով, ոչ միայն սրբությունների կողքը, այլ ընդհանրապես աղբ չի թափի, որովհետև, եթե աղբը բնակվում է մարդու սրտից ներս, դա նաև արտահայտվում է դրանից դուրս։
-Ինչպե՞ս է փոխվել հասարակության վերաբերմունքը կրոնական խորհրդանիշների հանդեպ վերջին տասնամյակների ընթացքում և ինչ գործոններ են ազդել այս փոփոխությունների վրա:
-Խաչ, խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ․․․օր օրի էլ ավելի է գնահատվում մեր ժողովրդի կողմից։ Այնպես չի, որ ոչ մի խնդիր չկա, չենք ուզում մեր հասարակությանը նայել վարդագույն ակնոցով, բայց այն հանգամանքը, որ մարդ, որքանով հնարավոր է, փորձում է ապրել հոգևոր սկզբունքներով, դա ակնհայտ է։ Եթե բարին գործում է, դա չի նշանակում, որ չարը չի գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան