«Պաշտպանության կողմի մարտավարական «բացթողումներն» ինչո՞ւ պետք է փորձենք լրացնել դատաքննության հաշվին»․ դատախազը՝ Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ սեպտեմբերի 26-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը հայտնեց, որ հաշվի առնելով նախորդ դատական նիստի ընթացքում քննարկված հարցերը, երկու հարցում են կատարել, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել։ Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու համար պաշտպանը խնդրեց հետաձգել դատալսումներն ու այդպիսով նաև հնարավորություն ընձեռել ստանալ հարցման պատասխանները։

Նախորդ դատական նիստից հետո արված առաջին հարցմամբ պաշտպանության կողմը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ հաշվի առնելով մեղադրողի կողմից հրապարակված հեռախոսային խոսակցությունները։

Պաշտպանը նշեց, որ նախաքննության կատարումը Գլխավոր դատախազի 2022 թ․ հոկտեմբերի 5-ի որոշմամբ հանձնարարվել է ԱԱԾ-ին, թեև Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ տվյալ քրեական գործը ենթակա էր քննության Հակակոռուպցիոն կոմիտեում։

Խնդրել են տրամադրել 2022 թ․ հոկտեմբերի 5-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատող քննիչների տվյալները, որի շրջանակներում կարող է հիմնավորվել այն, որ Արուսյակ Ալեքսանյանի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի որոշ աշխատակցների հետ ունեցած մասնավոր հեռախոսային խոսակցությունները չէին կարող հիմք հանդիսանալ գործի քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեի փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու համար։

Նախագահող դատավորի հարցին, թե ինչ ծավալով է պաշտպանը ծանոթացել այս քրեական գործի նյութերին, վերջինս նշեց՝ ընդհանուր առմամբ ծանոթ է, սակայն նախորդ դատական նիստին ներկայացվել է հատուկ միջնորդություն, հրապարակվել են հեռախոսային խոսակցություններ, ու ապացույցների ծավալի մեջ ներառված չլինելու պայմաններում է հարցումը կատարվել։

Դատավորը նաև հարցրեց, թե արդյոք ավելի վաղ չէին կարող հարցումը կատարել, պաշտպանը պատասխանեց, որ նախորդ դատական նիստին է հանրային մեղադրողի կողմից հրապարակվել զննության արձանագրությունները, և գուցե դա մինչ այդ չի ներառվել ապացույցների մեջ, ուստի հարցումը կարևոր է քննչական ենթակայության պատշաճությունը հիմնավորելու համար։

Երկրորդ հարցումն ուղղված էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։  Հարցմամբ պաշտպանության կողմը խնդրել է պատասխանել, թե ինչ խափանման միջոց է կիրառված եղել մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ, բացի այդ, ինչ որոշում է կայացվել Գրիգորյանին Հայաստանի սահմաններից դուրս գալու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։

Դատախազ Արմեն Գևորգյանը միջնորդությունների վերաբերյալ հայտնեց՝ երկուսն էլ հիմնավոր չեն քրեական գործը, դատական նիստը հետաձգելու համար, ու այդ հարցումներով ստացվող տվյալները չեն կարող էական նշանակություն ունենալ վերդիկտի կայացման համար։

Երկրորդ միջնորդության վերաբերյալ հանրային մեղադրողն ասաց․ «Նշված դատական ակտը կայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 20-ին, և հետևաբար, իրադարձությունների գնահատումը ենթակա է բացառապես նշված ժամանակահատվածին, դրանից անցել է շուրջ 2 տարի, այդ 2 տարիների ընթացքում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում դատավարական իրադրությունների ցանկացած փոփոխություն, որը բերել է այս կամ այն որոշման կայացման, որևէ կերպ չի կարող հերքել, բացառել մեղսագրվող արարքի առկայությունը»։

Նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե Շահվերդյանն ինչպիսի որոշում է կայացրել և դրա արդյունքում ինչպիսի փաստական տվյալներ է հիմք ընդունել, դրանք այս քրեական գործի հետ առնչություն չունեն։

«Ես ակնկալում էի, որ մինչև միջնորդության ներկայացումը պաշտպանության կողմը մեղադրանքի կողմից կփորձեր ճշտել՝ ենթակայության պատշաճության վերաբերյալ իմ  դիտարկումները վերաբերում են Հակակոռուպցիոն կոմիտեի այս կամ այն քննիչի անձին, այդ կառույցին ընդհանրապես, թե անկողմնակալ դիտորդի կողմից որոշակի ընկալումներ են»,- ասաց հանրային մեղադրողը։

Արմեն Գևորգյան ասաց, որ այդ հարցմամբ ստացվող տեղեկատվությունը չի կարող մեղադրական վերդիկտ կայացնելու համար ինչ-որ հանգամանք հաստատել այն պայմաններում, երբ պաշտպանության կողմը նախնական դատալսումների ընթացքում ներկայացված միջնորդությունից հրաժարվել է։

Դատավորի հարցին, թե Քրեական դատավարության ու մրցակցության տեսանկյունից մեղադրողի դիրքորոշումն ինչքանով է հիմնավորված, դատախազը պատասխանեց՝ պաշտպանության ու մեղադրանքի կողմերը հիմնական դատալսումների ընթացքում գտնվել են հավասար պայմաններում, բայց դատավարական իրավունքներից բարեխիղճ օգտվելու սկզբունքը պետք է գերակայի․ «Պաշտպանության կողմից նախնական դատալսումների ընթացքում պարոն Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև հիմնական դատալսումներում հետազոտել այն ապացույցը, որն իմ կողմից նախորդ դատական նիստը ընթացքում հետազոտվել է, դրան հաջորդող դատական նիստի ընթացքում պարոն Երեմ Սարգսյանը հրաժարվեց այդ ապացույցից, դրան հաջորդեց պարոն Հովսեփ Սարգսյանի կողմից ապացույցի թույլատրելիության վերաբերյալ միջնորդության ներկայացումը, որը վերաբերում էր քրեական հետապնդումը դադարեցնելուն , ինչից հետագայում ևս հրաժարվեցին»։

Դատախազը շեշտեց, որ Արուսյակ Ալեքսանյանը 2023 թ․ հունվարից ունեցել է մի քանի պաշտպաններ, որոնք կարող էին այդ միջնորդությունը մինչ այս պահը ներկայացնել․ «Պաշտպանության կողմի մարտավարական «բացթողումներն» ինչո՞ւ պետք է մենք փորձենք լրացնել դատաքննության հաշվին։ Մեկուկես տարին բավականաչափ ժամանակահատված էր, որպեսզի իրենք իրենց միջնորդության համար լրացուցիչ հիմնավորումները շատ ավելի վաղ ստանային»։

Հանրային մեղադրողն իր խոսքում նշեց, որ պաշտպանության կողմը փորձում է հակափաստարկ ձեռք բերել առ այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ոչ բոլոր քննիչներն են կողմնակալ, այն պայմաններում, երբ մեղադրանքի կողմը նման փաստարկ չի ներկայացրել։

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպան Անդրանիկ Մանուկյանը երկրորդ հարցման վերաբերյալ ասաց․ «Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Արուսյակ Ալեքսանյանը հաստատապես իմանալով, թե Սերգեյ Գրիգորյանը քրեադատավարական ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում, դրա համար է փոխել վերջինիս նկատմամբ կիրառված կալանքը գրավով, այո, այդ հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանքը նաև մեկ այլ դատարան է փոխել այլընտրանքային խափանման միջոցով, ունի ապացուցողական կարևոր նշանակություն, եթե ակնհայտ անարդար դատական ակտի կայացման հանցակազմը մեկնաբանում ենք այս բովանդակությամբ»։

Դատարանը երկրորդ միջնորդության վերաբերյալ արձանագրեց, որ պաշտպանության կողմից չեն ներկայացվել այնպիսի հիմնավորումներ, որոնք  կարող են նշանակություն ունենալ վերդիկտ կայացնելու համար, քանի որ մեկ այլ գործով կայացված որոշումը այս քրեական գործի շրջանակներում քննության առարկա չի կարող դառնալ։

Դատարանը ներկայացված առաջին միջնորդությունը բավարարեց՝ հնարավորություն տալով պաշտպանության կողմին ներկայացնել հարցմամբ սստացված պատասխանները։ Նախագահող դատավորը նշեց՝ այդ որոշմամբ դատարանը չի կանխորոշում, որ ստացվող տվյալները կընդունվեն որպես ապացույց, համապաստախան միջնորդության ներկայացման պարագայում դա հավելյալ քննարկման առարկա կդառնա։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշումից հետո մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որը վերաբերում էր իր նկատմամբ ընտրված համակցված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելուն։

«Արդեն 1 տարի 8 ամիս ես գտնվում եմ բացակայելու արգելք և գրավ խափանման միջոցների ռեժիմի տակ, և իմ անձի պարագայում, իմ վարքագծին համահունչ այդ երկու խափանման միջոցների կիրառումը ծառայել են իրենց նպատակներին։ Միևնույն ժամանակ չեմ կարող հերքել այն հանգամանքը, որ ես դա ապացուցել եմ արդեն իսկ դրսևորած պատշաճ և օրինակելի վարքագծով։

Ես պատրաստ եմ գրավի ռեժիմի տակ գտնվել, սակայն դատարանից ակնկալում եմ ազատ տեղաշարժի իրավունքի գոնե ժամանակավոր վերացում։ 117-րդ հոդվածը սահմանում է, որ խափանման միջոցը կարող է փոփոխվել, եթե փոխվում են իրավաչափության պայմանները, այդ պայմանները չեն կարող գտնվել նույն մակարդակում, դրանք կորցնում են իրենց արժեքն ու արդիականությունը, ու իմ պարագայում, կարծում եմ, փոխվել է»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանը դատարանի հարցին ի պատասխան հայտնեց, որ մինչև հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 28-ը, հանգստի նպատակով ցանկանում է մեկնել Վրաստան, ինչի մասին պատշաճ կծանուցի դատարանին։ Նա նշեց՝ չի ստեղծի այնպիսի իրավիճակ, որ դատարանի համար անվերահսկելի կլինի, ինչի վերաբերյալ դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ «Դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ»։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը՝ հաշվի առնելով մեղադրյալի դրսևորած վարքագիծը, այն, որ դատարանը մեկ անգամ վերջինիս նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացրել է, ինչպես նաև ապացույցների՝ արդեն իսկ հետազոտված լինելու հանգամանքը։

Նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել