Օգոստոսի 26-ի ժամը 23.20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ժամը 23.45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Երևանի պարեկները օգոստոսի 27-ին Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 28-ամյա երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ, դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և սպիտակ հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածները կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են՝ իր օգտագործման համար:
Նոր Արեշի բնակիչ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը Երևանի պարեկները Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20-ամյա երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչներ ու ծալովի դանակներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: