Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը` Հայաստանում

Որքան ժամանակ գոյություն ունեն պետությունները, այնքան ժամանակ էլ կոռուպցիան: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բնորոշմամբ` կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ դեղատոմսեր չկա աշխարհում. անգամ այնպիսի երկրները, որոնք հակակոռուպցիոն ոլորտում շատ մեծ ձեռք բերում ունեն, ժամանակ առ ժամանակ այդ երկրներում էլ է նկատվում կոռուպցիոն ռիսկեր:

«Մարդկության ողջ պատմությունը նաև պատմություն է կոռուպցիայի դեմ պայքարի` գլխատելուց, կախաղան բարձրացնելուց մինչև կաշառակեր դատավորի կաշվից դատավորների համար աթոռներ պատրաստելուց, որպեսզի դատավորը հիշի, թե ում աթոռն է նստում մինչև գիլիոտին և հակակոռուպցիոն ռազմավարություններ»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Թե ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կազմակերպած միջոցառման ժամանակ բարձրաձայնեցին ոլորտի պատասխանատուները: Միջոցառմանը ներկա էին պետական մարմիններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, իրավաբաններ ու փաստաբաններ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման հիմնադիր Կարեն Զադոյանի կարծիքով` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ իրականացվել, եթե այն չհիմնվի հիմնականում զարգացող երկրներում առկա հակակոռուպցիոն պայքարի և փորձի վրա:

«Ներկայումս նույնպես պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերը բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, երկրի քաղաքացիները դեռևս չունեն ամբողջական հավատ, որ կարող են ինքնուրույնաբար մասնակցել պետական կառավարման համակարգերի բարելավմանը և պայքարել կոռուպցիա չարիքի դեմ»,- նշեց Կարեն Զադոյանը:

Միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանը Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման կողմից սահմանված «Տարվա քաղաքացի» ամենամյա մրցանակը հանձնեց Արմենուհի Առաքելյանին: Նա 2013 թվականին Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավական օգնության շնորհիվ կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները` գիտակցելով իր իրավունքների պաշտպանության կարևորությունն ու սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել: Մրցանակը ստացավ Արմենուհի Առաքելյանի ամուսինը:

«Մենք Սահմանադրության մեջ հենց այնպես չենք գրել, որ մարդը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը բարձրագույն արժեքներ է, և լինի Արդարադատության նախարար, լինի ինչ-որ հանձնաժողով, իր գլխավոր առաքելությունը մարդուն ծառայելն է և այդ մարդու խնդիրները լուծելն է»,- հայտնեց Հրայր Թովմասյանը:

Միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ներկայացրեց դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հակակոռուպցիոն բարեփոխումների լույսի ներքո:

«Երբ որ մենք պլանավորում էինք դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, առաջնային նպատակ չի եղել պայքարել կոռուպցիայի դեմ, առաջնային նպատակ եղել է ունենալ հաշվետու և արդար դատական համակարգ»,- նշեց Արամ Օրբելյանը:

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման մասնակիցները Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում առաջարկում են ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմին, տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության ու խրախուսման օրենսդրական ամրագրում ապահովվել, քրեականացնել ապօրինի հարստացումը, հակակոռուպցիոն կրթության իրականացնել հանրակրթական դպրոցներում և այլն:

iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել