«Ամբողջ հարաբերությունները փլուզվեցին, երբ Աղվան Հովսեփյանի փոքր տղան ամուսնացավ»․ վկան՝ դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր` օգոստոսի 8-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստի ժամանակ հարցաքննվեց վկա Երեմ Գրիգորյանը։

Վկան հայտնեց, որ շուրջ 25 տարի է՝ ճանաչում է մեղադրյալ Աղվան Հովսեփյանին։

Նա նշեց, որ նախաքննական մարմնում հարցաքննվել է Վարշամ Ղարիբյանին և Արշավիր Սարգսյանին առնչվող հարցերի շուրջ։

Արշավիր Սարգսյանը, ըստ վկայի, ավելի մտերիմ է եղել Աղվան Հովսեփյանի հետ, միշտ նրա կողքին է եղել, յուրաքանչյուր աշխատանքի կատարման համար պատրաստակամություն է հայնտել։

Տարբեր առիթների, միջոցառումների ժամանակ միասին հանդիպումներ են ունեցել։

«Իմ հարաբերությունները լրիվ նորմալ են եղել, էդ ամբողջ հարաբերությունները փլուզվեցին, երբ փոքր տղան (Աղվան Հովսեփյանի) ամուսնացավ, ընդեղ մի հատ խնամի հանդիպեց, և՛ ընկերություն կար, և՛ բարեկամություն, և՛ ամեն ինչ, թե չէ մեր հարաբերությունները շատ լավ են եղել։

Ինքը շատ բաներ ա արել, եկեղեցի ա կառուցել, ես դժգոհ չեմ իրանից, բարի ա եղել, լավ ա եղել, ֆինանսական կախման մեջ չենք եղել, ինչ-որ բաների պահանջ չի ներկայացրել ինձանից կամ մյուսներից, բայց էդ ամբողջը դարձավ 0, ինչի համար ես շատ ցավում եմ»,-ասաց վկան։

Հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանի հարցին, թե ինչ գործունեությամբ է զբաղվել, ասաց՝ 1993 թվականից շինանյութերի վաճառքով և առևտրով է զբաղվել։ Նա նշեց նաև խանութների հասցեները, որոնք այս պահին չեն գործում՝ անձնական որոշակի խնդիրների պատճառով։

– Ասացիք, որ Արշավիր Սարգսյանի հետ Աղվան Հովսեփյանի միջոցով եք ծանոթացել, կհիշե՞ք ժամանակահատվածը, որ ծանոթացաք։

– Երևի 2007-2008 թվականներին։

– Իրենք միմյանց հետ բացի մտերիմ լինելը այլ ընդհանուր բան ունեցե՞լ են։

– Գալիս էր Արշավիրը իմ մոտից սանտեխնիկա բան էր վերցնում։ Որոշ ժամանակ փողով ա առևտուր արել, եղել ա, որ նենց ա տարել, ինձ պարտադրանք չի եղել: Մերը պարզ ու շիտակ ընկերություն ա եղել։

– Էդ սանտեխնիկան ինչի՞ համար էր տանում, Արշավի՞րն էր տանում։

– Արշավիրը գալիս էր, տանում էր, ես էլ էի ուղարկում։

– Ինչի՞ համար։

– Հովսեփյանի համար էր տանում։

– Ի՞նչ էր նպատակը, ասում էր՝ տանում եմ ի՞նչ անեմ։

– Արշավիրն օգնել ա, շատ բաներ ա արել։ Տանում էր երևի առանձնատուն։

– Ո՞ւմ առանձնատան համար էր տանում։

– Աղվան Հովսեփյանի։

Հարցին, թե մոտավորապես քանի անգամ է նա եղել Աղվան Հովսեփյանի առանձնատանը, ասաց՝ երևի 8-ից 10 անգամ, հիմնականում աշխատանքից հետո։ 2012 թվականից հետո առանձնատան տարածքում չի եղել, տեղյակ չէ՝ դրանից հետո ինչ փոփոխություն է կատարվել։

Հաջորդ հարցին, թե Արշավիր Սարգսյանը երբևիցե ասե՞լ է, որ Աղվան Հովսեփյանի հետ որոշակի գործունեություն են ծավալում, վկան պատասխանեց՝ ոչ, նաև նա ասաց, որ տեղյակ չէ, թե բացի այդ առանձնատան տարածքից այլ տեղերում Աղվան Հովսեփյանը բնակարաններ ունի, թե ոչ, ասաց՝ չի եղել։

Վկա Երեմ Գրիգորյանը հայտնեց՝ ճանաչում է Աղվան Հովսեփյանի որդիներին, տեղեկություններ չունի, թե Նարեկ Հովսեփյանը որտեղ է բնակվում։

Դատախազը նաև հարցրեց, թե քննիչի մոտ հարցաքննվելիս որևէ ճնշում, վատ վերաբերմունք զգացել է, վկան ասաց՝ ոչ։

– Արշավիր Սարգսյանը հէկ-երի սարքավորումներ ներկրելու հետ կապված առնչություն ունեցե՞լ է։

– Տեղյակ չեմ։

Վկային հաջորդիվ հարցեր ուղղեց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա հետաքրքրվեց, թե քննիչի մոտ հարցաքննվելիս տեղեկացված եղե՞լ է՝ ինչ գործի շրջանակներում է հարցաքննվելու, վկան ասաց՝ այո, քննիչն ասել է՝ Արշավիրի և Վարշամի գործով պետք է հարցեր տա։

Պաշտպանի հարցին՝ տեղեկություններ ունի՞, թե Աղվան Հովսեփյանի որդիներից որևէ մեկը Արշավիր Սարգսյանի հետ, երբևէ աշխատանքային-գործնական հարաբերություններ ունեցել են, թե ոչ, վկան ասաց՝ նման տեղեկություն չունի։

Նա պատասխանեց, որ տեղյակ չէ, թե Արշավիր Սարգսյանի հետ ինչ ընդհանուր աշխատանք են կատարել, այլ երկրից ապրանքներ ներմուծելու հետ որևէ կապ ունեցել են, թե ոչ։

Վկան հայտնեց նաև, որ այս պահին Արշավի Սարգսյանի հետ որևէ շփում չունի․ «Երբ բողոքներ, դատական խնդիրներ առաջացան, էդ բաներից հետո էլ չենք շփվում։ Էն ժամանակ էլ ես իրեն առանձին չեմ հանդիպել, իրեն, որ տեսել եմ, տեսել եմ Աղվանի հետ, նրա առանձնատանը, միջոցառումների ժամանակ»։

Փաստաբան Աննա Մանթաշյանը հարցրեց, թե երբևէ հայտնի եղե՞լ է, որ Աղվան Հովսեփյանն այլ բիզնեսներ ունի, վկան պատասխանեց՝ ոչ։

Այնուհետև հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ երկու ցուցմունքների միջև հակասություններ կան, որոնք կապված են Արշավիր Սարգսյանի կողմից տրված գումարների, դրանց չափի հետ։

«Նախաքննական ցուցմունքով հստակ նշվում է 25 հազար դոլարի և 5 հազար դոլարի մասին։ Բացի այդ, շինանյութի համար Արշավիր Սարգսյանի կողմից  տրված գումարների աղբյուրի մասին վկան նշել է, որ ես չեմ խոսել, բայց Արշավիր Սարգսյանի խոսակցություններից հասկացել եմ, որ դա համատեղ բիզնեսգործունեության արյդունքում ստացված գումարներն են, ընդ որում համատեղ բիզնեսգործունեություն ծավալելու մասին վկան նախաքննական ցուցմունքում նշել էր։ Հակասություն կա նաև մեկ այլ բնակարան ունենալու և այնտեղ վերանորոգում իրականացնելու մասին»,-ասաց Կորյուն Սերոբյանը։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը առարկեց՝ նշելով, որ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ նախաքննության ընթացքում վկան չի օգտվել իր իրավունքից՝ իմանալու, թե քրեական ինչ վարույթի շրջանակներում է հարցաքննվում։

Պաշտպանն ընդգծեց․ «Պարզ դարձավ, որ Երեմ Գրիգորյանը, երբ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննության, վերջինիս քննիչը տեղեկացրել է, որ խոսքը բացառապես Վարշամի և Արշոյի վերաբերյալ քրեական գործի մասին է, և այստեղ պետք չէ ենթադրություն անել, թե Երեմ Գրիգորյանը հասկացե՞լ է Վարշամ և Արշո անունները տալուց հետո ինչ գործի մասին է խոսքը գնացել․ վերջինս շատ հստակ պատասխանեց՝ ես չեմ հասկացել, թե ինչի մասին է խոսքը»։

Դատավորը ճշտեց՝ այս հայտարարությունը վերաբերում է հակասությա՞նը, թե՞ ապացույցի թույլատրելիությանը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ապացույցի թույլատրելիության հարցը կարող է բարձրացվել նաև մինչև ապացույցի հետազոտված լինելու հանգամանքը, ինչը բխում է նախադեպային իրավունքից։

Նա միջնորդեց հաստատել նախաքննության ընթացքում Երեմ Գրիգորյանի կողմից տրված ցուցմունքի անթույլատրելիությունը և չթողնել, որ այն հրապարակվի։

Դատարանի որոշմամբ առկա հակասությունների պայմաններում վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց։

Նախաքննական ցումցունքի հրապարակումից հետո Էրիկ Ալեքսանյանը վկայի ուշադրությունը հրավիրեց հետևյալին․

– 2020 թվականին, երբ ցուցմունք եք տվել որպես վկա, այդ ժամանակահատվածում երբևէ ցանկություն հայտնե՞լ եք, որ ցանկանում եք Աղվան Հովսեփյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալ։

– Ի՞նչ գործով։

– Ես Ձեզ հարց եմ տալիս, երբևէ ցանկություն ունեցե՞լ եք և երբևէ որևէ տեղ արտահայտե՞լ եք, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ ցանկանում եմ տալ հաղորդում, որոշակի հարցեր ունեմ, հարցերս լուծեք, եթե կլուծեք, հաղորդում չեմ տա:

– Այո։

– Ո՞ւմ մոտ եք ասել և ե՞րբ։

– Բոլորի մոտ, ով եղել ա ասել, ինչքան ծանոթ-բարեկամ եղել ա, ասել եմ։ Սաղի մոտ էլ ասել եմ՝ ես ինչ պորբլեմներ եմ ունեցել ու ասել եմ, որ ինքը ճիշտ չի վարվում, որ Գարիկին ա լսում։

– Եթե Դուք մի մարդու նկատմամբ ուզեցել եք հաղորդում տաք, ունեցել եք նրա հետ խնդիր, դատարանն էս Ձեր տված ցուցմունքին ո՞նց հավատա։

– Ես ճիշտը ասում եմ, դատարանն ուզում ա հավատա, ուզում ա չհավատա։

Վկայի նախաքննական ցուցմունքի վերաբերյալ մեղադրյալ Աղվան Հովսեփյանն իր հայտարարության մեջ ասաց, որ հարցաքննության մեջ որևէ հարցադրում չկա, թե վկան ինչպես է իմացել Արշավիր Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի բիզնեսի մասին։

«Բոլոր գումարներն էլ, որ վկան ցուցմունք տվեց, որ ծախսել ա շինարարության համար, ծախսել ա իմ տղաների հետ համատեղ բիզնեսից ստացած եկամուտներով, իր գրպանից չի ծախսել, հլը մի բան էլ հետագա դատաքննության ընթացքում կապացուցվի, որ գողացել ա, ոնց որ վկան ցուցմունք տվեց՝ իրան դրամ ա տվել, ցուցմունքում գրված ա, որ էսքան հազար դոլար ա տվել։

Նորից եմ ասում, ակնհայտորեն քննիչի բոլոր հարցաքննություններից երևում է միակողմանիությունը, նպատակային նշանակությամբ աշխատելը»,-ասաց մեղադրյալը։

Հանրային մեղադրողը հարցրեց, թե պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նշած հաղորդումն ինչի վերաբերյալ էր, քանի որ գործին նյութերում նման տվյալ չկա, վկան պատասխանեց, որ տղաները համատեղ բիզնես են ստեղծել, հետո բաժանվել են իրարից և հաղորդումը դրան պետք է վերաբերեր, բայց չի խառնվել։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, նիստը հետաձգվեց։ Դատարանն ապացույցի թույլատրելիության հարցին կանդրադառնա վերջնական դատական ակտով։

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել