«Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոց, կրակոցներ և զգացի, որ գնդակը պատռում է մաշկը»․ կրակոցներ՝ Թրամփի նախընտրական հանրահավաքում. քաղաքական գործիչն ու հանրահավաքի երկու մասնակից վիրավորվել են, ևս մեկ մասնակից զոհվել է

Կրակոցներ Թրամփի նախընտրական հանրահավաքում. Քաղաքական գործիչն ու հանրահավաքի երկու մասնակից վիրավորվել են, ևս մեկ մասնակից զոհվել է։ Այս մասին հայտնել է «Մեդուզա»-ն։

Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Գնդակը խոցել է Թրամփի վերին աջ ականջը։ Քաղաքական գործչին բեմից հանել են Գաղտնի ծառայության աշխատակիցները։ Ավելի ուշ Թրամփի դաշնակիցները հայտարարեցին, որ քաղաքական գործիչը լավ է.։ Ինքը՝ Թրամփը ևս արձագանքել է կատարվածին․

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությանը արագ արձագանքելու համար:

Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել հանրահավաքում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մեկ այլ ծանր վիրավորի ընտանիքին։ Անհավանական է, որ դա կարող է տեղի ունենալ մեր երկրում: Այս պահին ոչինչ հայտնի չէ կրակողի մասին, ով արդեն մահացած է։

Ինձ դիպավ գնդակը, որը խոցեց աջ ականջիս վերին հատվածը։ Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոց, կրակոցներ և զգացի, որ գնդակը պատռում է մաշկը։ Սկսվեց ուժեղ արյունահոսություն, և ես հասկացա, թե ինչ է կատարվում: ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ!»,-ասել է Թրամփը։

Ենթադրյալ հրաձիգը սպանվել է Գաղտնի ծառայության կողմից։ Նրա ինքնությունն ու շարժառիթները դեռևս անհայտ են։

Կասկածյալը կրակել է հավաքի տարածքից դուրս գտնվող բարձունքից (ոչ պաշտոնական տվյալներով՝ շենքի տանիքից). CNNի աղբյուրները նրան անվանել են  դիպուկահար։ Բաթլերի շրջանային դատախազն ասել է, որ կրակողը կրակել է մի քանի հարյուր յարդ հեռավորությունից: Նրա դիակի մոտ հայտնաբերվել է AR-15 տիպի հրացան, գրում է New York Times-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո զանգահարել է Թրամփին։ Նա, ինչպես և այլ երկրների ղեկավարները, դատապարտել է կրակոցները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել