Iravaban.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի զրուցակիցը «Արես» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Արամազդ Կիվիրյանն է։ Նա պատմել է գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության դժվարությունների, խնդիրների և մասնագիտությանն առնչվող այլ հարցերի մասին։
-Ե՞րբ է հիմնադրվել Ձեր գրասենյակը, կպատմե՞ք գրասենյակի գործունեության մասին։
-Գրասենյակը հիմնադրվել է 2007 թվականին և այդ օրվանից սկսած, ըստ էության, մենք իրականացնում ենք իրավաբանական, փաստաբանական ծառայությունների մատուցում՝ քաղաքացիական, վարչական, այդ թվում նաև՝ քրեական ոլորտներում, և տարաբնույթ հարցերի շուրջ, այդ թվում՝ սնանկության գործի հետ կապված՝ միջազգային իրավունքի մասով տարաբնույթ հարցեր ենք պարզաբանում, որոնք կարող են առաջանալ քաղաքացիների, իրավաբանական անձանց մոտ։
-Ինչո՞ւ հենց «Արես»։
– «Արես» անվանումը, գիտեք, հունական ռազմի Աստծո անունն է, և հիմնականում պայմանավորված է դրանով, այսինքն՝ որպես պայքարի խորհրդանիշ ընտրել ենք այդ անվանումը և արդեն շուրջ 17 տարի գործում ենք այդ անվան ներքո։
-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում գործերն ընտրելիս։
-Հիմնականում փորձում ենք հասկանալ՝ այդ գործում մենք կկարողանա՞նք անձին օգտակար լինել, թե՞՝ ոչ, օգնել այն արդյունքի ստացման հարցում, որն անձը ակնկալում է։ Եթե տեսնում ենք, որ հավանականությունը չնչին է, անձը ինքը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է այդ չնչին տոկոսով մտնել այդ պրոցեսների մեջ։ Սիրում ենք հետաքրքիր գործեր ընտրել, որոնք, որ կնպաստեն իրավունքի զարգացմանը․ հիմնական ուղղությունները դրանք են։
– Փաստաբանները այսօր ի՞նչ խնդիրների են բախվում թե՛ նախաքննական մարմիններում, և թե՝ դատարաններում։
-Խնդիրները, որպես այդպիսին, ավելացել են, այսինքն՝ նախկին խնդիրներին ավելացել են նորերը։ Օրինակ՝ կհիշեք դեպքեր, երբ փաստաբանների հանդեպ բռնություն տեղի ունեցավ ոստիկանությունում, և այլն։ Դա շատ վատ տպավորություն է ստեղծում համապատասխան իրավասու մարմինների վերաբերյալ։ Դատական պրոցեսների ընթացքում լինում են դեպքեր, երբ փաստաբանների իրավունքները խախտվում են և փաստաբանները հնարավորություն չեն ունենում լիարժեք իրացնել իրենց իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Անտոնյան