Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Վոլոդիա Հ․-ի դեմ և պահանջում է դատարանից, որպեսզի պարտավորեցնեն հրապարակայնորեն ներողություն խնդրել։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ալեն Սիմոնյանը մասնավորապես պահանջել է՝ LIVEnews.am լրատվականի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Վոլոդյա Հ․ս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27․02․2024թ.-ին ես LIVEnews.am լրատվականի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։
ԱԺ նախագահը պահանջում է նաև պատասխանող՝ Վոլոդյա Հ․-ից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել 2 000 000 (երկու միլիոն) դրամ՝ որպես հարցազրույցի մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Պահանջի մեկ այլ կետով՝ հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 430 000 ( չորս հարյուր երեսուն հազար) դրամ դատական ծախսերի հատուցում, որից 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ փաստաբանի վարձատրության գումար, 80 000 (ութսուն հազար) դրամ պետական տուրքի գումար:
Գործը դատարան է ստացվել մարտի 20-ին և գտնվում է դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում։