«Ես չափազանց շատ եմ կարևորում երկրաբանի մասնագիտության դերը»․ Գնել Սանոսյան

«Ես չափազանց շատ եմ կարևորում այս մասնագիտության դերը, բայց ոչ միայն կարևորում եմ նրա համար, որ այս ֆակուլտետի ուսանող եմ և բավական լավ եմ մասնագիտության կարևորությունը հասկանում, այլև որպես նախարար եմ շատ կարևորում և ամենօրյա ռեժիմով մենք այս մասնագիտության դերն ու նշանակությունը անընդհատ տեսնում ենք»,-այս մասին ԵՊՀ-ում Երկրաբանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ մի շարք նոր ծրագրեր հիմնականում ելնում են նրանից, որ նոր ստանդարտներով ճանապարհներ պետք է կառուցվեն, իսկ այդ ժամանակ իրենք բախվում են նոր կամուրջներ և նոր թունելներ կառուցելու խնդրին։ Անընդհատ երկրաբանական հետազոտությունների և այլ աշխատանքների կարիք կա, այդ ամենին գումարվում է նաև ժամանակակից տեխնոլոգիաները։

«Ուզում եմ վստահեցնել, որ մենք մեծ ցանկություն ունենք համագործակցություններն անընդհատ խորացնելու, ուզում եմ ուրախությամբ փաստել, որ վերջին տարիների տենդենցը, երբ մի շարք մասնագիտությունների նկատմամբ, կարծես, հետաքրքրություն չկար, այդ հետաքրքրությունը փոխվել է և պետք է ուղղակի մեր երիտասարդներին խրախուսենք»,-ասել է նախարարը։

Սանոսյանը նշել է՝ նոր հատվածներում կան տարբեր տնտեսվարողների կողմից դիմումներ, որպեսզի երկրաբանական հետազոտություններ անցկացվեն և նոր հանքավայրեր ստեղծվեն։ Պետք է կարողանալ ճիշտ բնօգտագործում կազմակերպել, որովհետև հակառակ դեպքում բնապահպանական խնդիրները ավելի շատ կլինեն։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարարն ասել է․ «Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում և իմ, մեր նախարարության պատրաստակամությունը հայտնում համագործակցելու, մասնագետներին լսելու և մի շարք ծրագրեր համատեղ իրականացնելու հարցում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել