Մշակվել է էլեկտրոնային համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումն ու բողոքարկումը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքով սահմանված էլեկտրոնային համակարգը արդեն իսկ գործարկվել է https://cabinet.armlex.am ինտերնետային կայքի հասցեով:

Վերոնշյալ օրենքը, ուժի մեջ է մտնելու սույն հայտարարության հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ 2024 թվականի փետրվարի 1-ից:

2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) ներքոնշյալ սուբյեկտների կողմից՝

  • իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները՝ անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց,
  • ֆիզիկական անձինք, որոնք քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին:

Արդարադատության նախարարությունը Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի քաղաքացիական դատավարության թվայնացման ծրագրային ապահովման ձեռնարկ է հրապարկել։

Արդարադատության նախարարության կողմից մշակված ձեռնարկում նշվում է, որ «Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի» շրջանակներում մշակվել է էլեկտրոնային համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումն ու բողոքարկումը, ինչպես նաև դատավարական գործողությունների հետ կապված դատարանի կողմից արդյունավետ կառավարման հնարավորությունները՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ իրավական ակտերի։

Ձեռնարկի համաձայն՝ վերոհիշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում քաղաքացիական դատավարության գործընթացների ավտոմատացումը հանգեցնելու է կայացվող որոշումների (վճիռների) ժամկետների ճկուն կառավարմանը և դատավարկան գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Համակարգի հնարավորությունները 

Արդարադատության նախարարությունը նշում է, որ համակարգը կառուցվել է այնպես, որ հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով ապահովելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների քաղաքացիական գործերի՝ էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումը և բողոքարկումը՝ համաձայն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի։

Համակարգն ապահովում է գործողությունների իրականացումից բխող փաստաթղթերի շրջանառությունը՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված հասկացությունները, գործողությունների իրականացման շղթան և տրամաբանությունը, ինչպես նաև իրականացվել են ներքոնշյալ գործառույթների իրականացումը՝

-դատավարական ժամկետների հաշվարկման և դրանց մասին իրազեկման հատուկ համակարգ, ինչպես նաև տվյալներն ավտոմատացված գեներացնելու միջոցով դատարանի կողմից կազմվող դատավարական փաստաթղթերի և դրանք հասցեատիրոջն ուղարկելու գործիքակազմ՝

-համապատասխան անձանց կողմից մուտքագրված տվյալների հիման վրա փաստաթղթերի ինքնաշխատ գեներացումը,

-փաստաթղթերի ներբեռնումը, վերբեռնումը, ստեղծումը, փոխանցումը, շրջանառությունը, իրավազոր անձանց համար հասանելիությունը, ինրպես նաև՝ համակարգում համապատասխան փաստաթղթերի ձևանմուշների առկայությունը և դրանց օգտագործումը,

-ստեղծված կամ վերբեռնված փաստաթղթի ստորագրումը՝ էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով,

-դատական նիստերի արձանագրությունների ձայնագրման և համառոտագրման միջոցով գեներացումը և արխիվացումը՝ համաձայն կիրառելի օրենսդրության,

-դատարանների և այլ մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվության փոխանակման և հաղորդակցության ապահովումը, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով հարցումների կատարումը և հարցումների պատասխանների ստացումը, որը իրականացվում է ներքին գործառնությունների և միջգերատեսչական փաստաթղթաշրջանառության ավտոմատացման Mulberry համակարգի միջոցով,

-օրենսդրությամբ նախատեսված դատավարական փաստաթղթերի ներկայացումը և դատական ակտերի կայացումը,

-գործերի ինքնաշխատ մակագրումը և ինքնաշխատ բաշխումը դատավորների միջև,

-տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցներով դատական նիստերի իրականացումը,

-ինքնաշխատ և ոչ ինքնաշխատ ծանուցումների ուղարկումը համապատասխան անձանց, էլեկտրոնային ծանուցումների պատշաճ իրականացումը։

-Համակարգի միջոցով կատարված գործողությունների մատյանի ինքնաշխատ ձևավորումը։

-վիճակագրական տվյալների հավաքագրումը և հրապարակումը միասնական հարթակում։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել