Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Շողեր Սարգսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ իր ընտանիքը ստիպված է եղել երկու մասին բաժանմվել։
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձանք Արցախ, որպեսզի Ամանորը նշենք մեր տանը, ամբողջ ընտանիքով, բոլոր իրադարձություններին ի հեճուկս։ Ես լավ եմ հիշում առաջին անգամը, որ անցնում էինք այդ ճանապարհով, մեզ ուղեկցում էին ռուս խաղաղապահները։ Մենք ստիպված էինք մեր անձնագրերը ցույց տալ տուն մտնելու համար։ Ծանր էր և նվաստացուցիչ, բայց մենք տուն էինք վերադառնում։ Պատերազմից հետո ինձ համար ու իմ ընտանիքի համար ավելի հստակեցվեց, թե որքան մեծ արժեք է հայրենիքը և, թե որքան շատ պետք է աշխատես հայրենիքի համար։ Պատերազմից հետո իմ ընտանիքը փորձում էր իր կարողացածի չափով բարեկարգել քաղաքը, իր ներդրումն ունենալ Արցախի պահպանման համար։ Ես իմ մասնագիտության մեջ էի փորձում պահպանել արցախյան մշակույթը, թատրոնը, հեռուստատեսությունը»,-նշում է նա։
Շաղերի ընտանիքը պատերազմից անմիջապես հետո ձեռնամուխ էր եղել Ստեփանակերտում հյուրատուն բացելու գործին, որ կարողանան քաղաքի հյուրերին ընդունեն իրենց հարկի տակ։ Հյուրատան կառուցման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո թշանին ապօրինի փակեց Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը՝ Արցախն ու արցախցուն թողնելով շրջափակման մեջ։
«Մենք այդ հյուրատունն օգտագործում էինք, որպեսզի օգնենք Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք մնացել էին շրջափակման մեջ։ Երբ սկսվեց շրջափակումը ես Երևանում էի, շատ դժվար ամիսներ էին, ես դիմել էի Կարմիր խաչին, որպեսզի ինձ հնարավորինս արագ տեղափոխեն տուն։ Բավականին շատ եմ սպասել, մեծ հերթեր էին։ Ես ուզում էի հասնել, տանը լինել, հատկապես, որ պապիկս վատառողջ էր և ես ուզում էի հասցնել իր հետ էլ լինել։ Բարեբախտաբար փետրվարին ինձ զանգեցին և ասացին, որ կարող են տեղափոխել։ Վերադարձի ճանապարհը սարսափելի էր։ Շուշիի մոտակայքում հավաքված էին էկոակտիվիստ կոչվածները, նրանք շատ երիտասարդ երեխաներ էին, որոնք զարմացած մեզ էին նայում և ոչ մի կոնկրետ պահանջ էլ չունեին մեզնից։ Լրագրողներ կային, որ լուսանկարում էին։ Սպասում էին, որ թատրոնը սկսվի և բաց թողեն մեզ։ Ամեն մեկս, երբ վերադառնում էինք, գիտեինք, որ ցանկացած պահի իրենք կարող են մեքենան կանգնեցնել և որոշել, որ մեզնից որևէ մեկը տուն չի հասնելու։ Երբ ես վերադարձա փոքր ինչ մեղմ էր վիճակը։ Շատ ավելի բարդացավ արդեն վերջին ամիսներին։ Մենք փոքր հողամաս ունեինք և այնտեղ հասնելու համար մեկ ու կես ժամ իմ հարազատները ոտքով էին քայլում։ Շրջափակման ընթացքում օրեր կային, երբ մենք դուրս էինք գալիս ցույցերի, մեր ձայնը բարձրացնելու և իսկապես հավատում էինք, որ աշխարհը լսում է մեզ։ Չկար ակցիա, որին ես չմասնակցեի և այդ ձևով ես միամտաբար հավատում էի, որ փորձում եմ իրավիճակ փոխել»,-նշում է մեր զրուցակիցը։
Շողերն ասում է, որ իրենք հնարներ են գտել ոչնչից ամեն ինչ ստանալու։ Քանի որ իրենց նպատակն է եղել մնալ և ապրել իրենց երկրում։ Իրենք փնտրել և գտել են տարբերակներ, որպեսզի պայքարեն շրջափակման առաջացրած դժվարությունների դեմ։ Նրա խոսքով՝ անտանելի է եղել, բայց իրենք նպատակ են ունեցել՝ այդ կերպ էլ իրենց հնարավոր չէր հանել սեփական տնից։
«Շատ դժվար էր հացի վիճակը։ Վերջին օրերին հացը քարի էր նման։ Հնարավոր չէր կծել, հնարավոր չէր ծամել, մարսել։ Ինքն ուղղակի դրված էր, որպես հույսի մի կտոր։ Այո, մարդիկ կիսաքաղցած էին գնում քնելու, ընտանիքներ կային, որ ընդհանրապես սոված էին գնում քնելու։ Հիմա հաճախ, երբ արցախցիները տեսնում ու ճանաչում են ինձ ասում են՝ դու էլ դուրս եկար, բայց խոսք էիր տվել, որ դուրս չես գալու։ Բայց այդ խոսքերը կարծում եմ, որ յուրքանչյուրն իրեն է ուղղում, որովհետև, երբ ես խոսում էի ամբիոնից, նրանք՝ կանգնած ներքևում, համաձայնվում էին։ Անգամ Արցախից դուրս գալու ճանապարհին ես չէի կարող պատկերացնել, որ երբևէ մենք կլքենք Արցախը»․-ասում է Շողերը։
Նա ընդգծում է, որ այնտեղ ապրելու պայմաններն անտանելի էին դարձել։ Իրենք պատրաստ են եղել առանց գազ, լույս ապրել, քաղցած ապրել, բայց պատրաստ չեն եղել ապրել Ադրբեջանի կազմում և պատրաստ չէին զիջել իրենց հայ լինելը։
«Արցախը հայկական էինք պահում մենք մեր հայ լինելով։ Այս դեպքում, երբ մեզ ասում են, որ պետք է ապրենք Ադրբեջանի կազմում, դա ենթադրում էր, որ մենք այլևս չենք կարող հայ լինել, դա ենթադրում էր, որ մենք պետք է զիջեինք մեր բոլոր արժեքները։ Անհնար է ապրել քո քաղաքում ուրիշի դրոշի տակ։ Դա նույն բանն է, որ քեզ նստեցնեն բանտ և ասեն՝ դու ազատ ես։ Իմ ընկերուհին մի խոսք ունի, որը շատ դաժան է, բայց կարծում եմ՝ շատ դիպուկ է այդ օրերի համար՝ մեր ամենասիրած քաղաքը քիչ-քիչ, րոպե-րոպե վեր էր ածվում գերեզմանոցի բոլորիս համար։ Որովհետև արդեն իրենք հասել էին քաղաքին, արդեն մտել էին քաղաք, գերեզմանների մոտ էին և զինված էին։ Իրենց պատճառով մենք չէին կարողանում գնալ գերեզմանոցներ՝ գոնե հաջող ասելու մեր հարազատներին։ Սարսափելի է, երբ քո ոստիկանը գալիս և քեզ ասում է՝ արդեն մտել են քաղաք և եթե դուք լսեք կրակոցների ձայներ, իմացեք, որ մենք կենդանի պատ ենք կառուցել և պահում ենք իրենց, նշանակում է, որ դուք հնարավորինս արագ պետք է էվակուացվեք»,-պատմում է Շաղերը։
Նա ասում է, որ ոչ մի արցախցի չունի հույս, որ երբևէ հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել, քանի որ իրենք տարիներ շարունակ տեսել են մահ, սպանություն, պատերազմ։
«Այն խաղաղությունը, որն իրենք են մեզ պարտադրում, նշանակում է ձուլվել իրենց և թրքանալ։ Արցախն Արցախում ապրող արցախցին էր, բայց հնարավոր չի հողն ու արցախցուն առանձնացնել իրարից։ Այսինքն, արցախցուն արցախցի էր սարքում հենց այդ հողը, որի վրա ինքն ապրում էր, որի վրա ապրել են իր պապերը, իր պապերի պապերը և որի արժեքներն ինքը կրողն էր»,-նշում է Շողերը։
Մեր զրուցակիցը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին պատրաստվելի է եղել ուղիղ եթերին և հենց այդ ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել։ Շողերը մի փոքր լարվել է, բայց մտածել է, թե փրկարարները զինամթերքի մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Չի ուշացել երկրորդ պայթյունը, որից հետո նա հասկացել է, թե ինչ է կատարվում։
«Շատ կարճ ժամանակում մոտ 50 հոգի հավաքվել էինք մի փոքր սենյակի մեջ, երեխաները շատ լարված էին։ Եթե համեմատեմ 2020 թվականի պատերազմի հետ, շատ ավելի թեժ, շատ ավելի մեծ հաճախականությամբ էին պայթյունները և շատ ավելի մոտիկ։ Այս անգամ մեր հարևի տունը վնասվեց պայթյունից։ 24 ժամ անընդմեջ պայթյուններ էին։ Ոչինչ չէր մնում՝ աղոթելուց բացի, որովհետև այդ պահին զգում ես, թե որքան անզոր ես դու։ Մտածում էինք, որ սա մեր կյանքի վերջին ժամերն են։ Լուրեր պտտվեցին, որ մենք կապիտուլացիայի պայմանագիր ենք ստորագրում ու, որ հանձնվել ենք և, որ պետք է հանձնենք այս հողն ու դուրս գանք։ Սարսափելի էր, բայց ես չէի հավատում։ Ես դա հասկացա, երբ տուն վերադարձավ հայրս, որ բանակում էր և ասաց՝ այլևս հնարավոր չի լինելու մնալ Արցախում, որովհետև բանակը լուծարվում է»,-հիշում է մեր զրուցակիցը։
Շողերը նշում է, որ Ստեփանակերտում իրավիճակը լարված է եղել, քանի որ Արցախի գյուղերից գրեթե բոլորը եկել էին մայրաքաղաք։ Նա նշում է, որ դարսափելի պատմություններ են եղել։ Մարդիկ պատմել են, որ գյուղերից մեկից ընդամենը 10 հոգի է փրկվել։
«Քաղաքը քիչ քիչ անճանաչելի էր դառնում։ Երբեմնի ամենամաքուր քաղաքներից մեկը այս օրերին պատվել էր ծխով։ Քաղաքի մաքրության համար պատասխանատու աշխատողները անհամ պայթյունից հետո այն մաքրում էին։ Մենք Արցախից դուրս եկանք սեպտեմբերի 25-ին։ Շատ դժվար էր կյանքը տեղավորել մեկ ճամպրուկի մեջ։ Անգամ երկու կամ երեք ճամպրուկի մեջ չի տեղավորվում։ Երբ դու ամեն ինչ կորցրել ես, շատ դժվար էր հասկանալ, իսկ այն, ինչ մնաց քեզ ընդհանրապես արժեք ունի՞, թե իրեն էլ պետք է բաց թողես։ Հայրենիքի հետ մենք նաև արժանապատվություն էինք կորցրել, պարտվողական տրամադրվածությամբ էինք դուրս գալիս և դժվար է նաև հոգեբանորեն դա մարսելը։ Հակարիի կամուրջը շատ ավելի թեթև ենք անցել, մեզ պարզապես կանգնեցրել են, լապտերով լուսավորել են մեքենան, զննել դեմքերը։ Իմ ընտանիքը շատ էր վախենում, որ ինձ հետ խնդիր կլինի, որովհետև ադրբեջանցիները Տելեգրամյան ալիքներում գրում էին, թե ինչ են պատրաստ անել, երբ ընկնենք իրենց ձեռքը, բոլոր դաժան մանրամասներով։ Սակայն ինձ չափահասների շարքում չթվարկեցին, այլ երեխաների»,-պատմեց նա։
Իր աչքերով տեսածին Շողերը մեկ անուն է տալիս՝ ցեղասպանություն։ Նա նշում է, որ միայն գաղթի ճանապարհին 60-ից ավել մահվան դեպքեր են գրանցվել․ «Ինձ համար իմ ապրածը ցեղասպանություն էր»։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան