Հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար

«Հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար» ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակից։

Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին.

-շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա,
-ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
-կատարվող կանխավճարի նվազագույն չափը (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս է,
-բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը։

Միջոցառումներից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթնալու համար դիմել բանկ կամ վարկային կազմակերպություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել