«ԵՄ կարևոր է համարում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը»․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն «անկեղծ» է համարել։ Միշելը, հանդես գալով եռակողմ հանդիպման արդյունքներ ամփոփող հայտարարությամբ, նշել է, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշումների կայացման ամենադժվար փուլերն են։

«Կոչ եմ անում երկու երկրների ղեկավարներին՝ շարունակել քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին առաջընթաց գրանցելու նպատակով»,- ասել է նա։

Շառլ Միշելը հայտարարել է նաև՝ քննարկված հարցերի առաջին կետով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը։

Երկրորդ կետով երկու կողմերն էլ համաձայնել են, որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել սահմանագծման և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքները։

Երրորդ կետով անդրադարձել են հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։

«Պայմանավորվածությունների չորրորդ կետը տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրների, մասնավորաբար` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին է։ Ես շեշտել եմ Լաչինի ճանապարհը բացելու կարևորությունը, նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը` հումանիտար աջակցություն տրամադրել Աղդամի կողմից։ Երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում՝ ապահովելու մարդկանց կարիքները»,- ասել է Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ հինգերորդ կետը վերաբերում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովմանը։

«Եվրամիությունը կարևոր է համարում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը»,– ասել է Շառլ Միշելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել