Մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. երեխաներ էին թունավորվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։

Հիշեցնենք, որ մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:

Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։

Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել