«Ահավոր դեպք է տեղի ունեցել»․ Տիգրան Ավինյանը հետաքրքվեց պատանի ըմբիշների մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց ներկայացնել մայիսի 27-ին ավտովթարի ենթարկված պատանի ըմբիշների մասին տեղեկատվություն։

«Ավտովաթարից հետո երեք երեխաները անմիջապես տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մի երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղ վիրահատվելով՝ նորից բերել են «Սուրբ Աստվածամայր»։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծայրահեղ տերմինալ։ Անձնակազմն անընդհատ կանգնած է, աշխատում են, տուն չեն գնացել»,- այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Նա նշեց Դեղորայքի պակաս չունենք, արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում տարածվել է։ Միայն ալբումինի պակաս է եղել, որը բերել են։ Դա ընդունված կարգ է»,- ավելացրել է Առողջապահության վարչության պետը։

Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ահավոր դեպք է տեղի ունեցել, ասաց, որ այս դեպքը գալիս է հիշեցնելու՝ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են։ «Ավտոմեքենայում նախատեսված քանակից ավել են եղել երեխաները, վստահ եմ ամրակապված չեն եղել ու այս ծանրագույն դեպքի հետևանքներից մեկը նաև դա է եղել»,-ասաց նա՝ հորդորելով այցելել երեխաներին, նրանց ընտանիքներին։


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տվյալներով՝ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։

Նախնական տվյալներով ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլի առկայություն չի հայտնաբերվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել