«Կանիծվի այն Կոստանյանը, ով կվաճառի այս կացարանը»․ Գևորգ Կոստանյանի հոր «պատգամը»՝ Ծաղկաձորում գտնվող տան վերաբերյալ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 8-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել. 

  • Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ,
  • 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,
  • 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, թույլատրեց նիստի տեսանկարահանումը և լուսանկարահանումը, քանի որ դատավարության կողմերից և ոչ մեկը չառարկեց։ Այսօրվա նիստի ընթացքում Արա Կոստանյանի ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը դատարանում հրապարակեց պատասխանողի դիրքորոշումը, որը վերաբերում էր Ծաղկաձորում բնակելի տանը։ Դիրքորոշման մեջ նշվում է, որ բնակելի տունը, որը վերագրում են Գևորգ Կոստանյանին, նրան չի պատկանում, նրա միջոցներով չի կառուցվել և բռնագանձման ենթակա չէ։

«Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին։ 1994-99թթ․ սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որը ավարտելուց հետո, 1999-2001թթ․ ծառայել է Զինված ուժերում և հետևաբար 1996 թվականին, ուսանող եղած և դրանից հետո 1999-2001թթ․, երբ ժամկետային զինվորական ծառայության մեջ էր գտնվում, չէր կարող որևէ անշարժ գույք ձեռք բերել և կառուցել։ Տվյալ բնակելի տունը չէր կարող կառուցվել իր միջոցներով, քանի որ այդ տան կառուցապատումը սկսվել և իրականացվել է դեռևս 1995 թվականից և ավարտվել 1999-ին, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է 2000 թվականին, երբ վերջինս գտնվել է զինվորական ծառայության մեջ»,-նշեց փաստաբանը։

Նախապատմությունը հետևյալն է․ հրապարակված դիրքորոշման համաձայն՝ Գևորգ Կոստանյանի հայրը, Սուրիկ Կոստանյանը, 1995 թվականից զրոյից, հիմքից սկսել է բնակելի տուն կառուցել։ 2000 թվականին նշված տունը ձևակերպվել է ավագ որդու՝ Գևորգ Կոստանյանի անվամբ։

«Իրենց ընտանեկան միջոցառումներից մեկի ժամանակ, 2002 թվականին, երբ նույն օրն ամուսնանում էին իր 2 որդիները, որոշել և հայտարարել է՝ ցանկանում է, որ իր 2 որդիներից ով առաջինը տղա թոռ կպարգևի իրեն, իր սարքած տունը կնվիրի առաջին տղա թոռնիկին։ Նրա կամքն է եղել, որ այն երբեք չվաճառվի և փոխանցվի սերնդեսերունդ։ Այդ պատճառով նա իր առաջին տղա թոռնիկի՝ Արա Կոստանյանի 4-ամյակին, վերջինիս է նվիրում այդ տունը, որ նա էլ իր հերթին այդ տունը փոխանցի իր առաջին տղա թոռնիկին և այդպես սերնդեսերունդ շարունակվի։ Ի հավաստումը դրան քարի վրա պատվիրել է նաև հետևյալ փորագրությունը․ «Կանիծվի այն Կոստանյանը, ով կվաճառի այս կացարանը»։ Սուրիկ Կոստանյանի 2-րդ որդու՝ Կարեն Կոստանյանի որդին՝ Արա Կոստանյանը ծնվել է 2003 թվականին, ինչի կապակցությամբ էլ Սուրիկ Կոստանյանը և նրա ավագ որդին՝ Գևորգ Կոստանյանը, 2007 թվականին նրան են հանձնել իրավունքի սեփականության վկայականը, որը եղել է պապիկի կամքը»,-նշեց Արա Կոստանյանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Գևորգ Կոստանյանը նշված բնակելի տան հետ որևէ առնչություն չունի։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը արձագանքեց հրապարակված նյութին ու նշեց, որ վարչության կողմից գույքին տրված գնահատականը, դատողությունները հիմնված են բացառապես իրավաբանական փաստերի վրա․ «Այն դատողությունները, որոնք արվել են, արտացոլված են հայցադիմումում, հիմնված են բացառապես իրավաբանական փաստերի վրա»։

Իլոնա Միրզոյանը պնդեց՝ դատախազությունը պետք է պարզեր՝ Գևորգ Կոստանյանը բնակելի տուն գնելու համար միջոցներ ունեցել է, թե ոչ․ «Գլխավոր դատախազությունը պետք է անդրադարձ կատարեր և ուսումնասիրությունը լիարժեք իրականացներ»։

Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատարանում հայտարարեց՝ չի հասկացել՝ դատախազը առարկո՞ւմ է, թե ընդունում է ներկայացված դիրքորոշումը։ Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ առարկում է․ «Չենք ընդունում»։

Փաստաբանը փորձեց ճշտելը՝ ինչը չի ընդունում դատախազությունը․ «Ամբողջը, ինչ ներկայացվել է, անհիմն եք համարում և չեք ընդունո՞ւմ»։ Հայցվորը նշեց, որ չի ցանկանում արձագանքել։

Վարազդատ Ասատրյանը շարունակեց․ «Ճիշտ չեմ գնահատում նման վարքագիծը։ Հայցվորը, այս դեպքում, որոշակի իրավական կաշկանդվածություն ունի նման դիրքորոշումներ հայտնելու, որովհետև սահմանափակ իրավունակությամբ օժտված մարմին է ներկայացնում։ Նման պատասխանը, նման կարճ ժամկետում, ընդունելի չէ։ Ի՞նչ է նշանակում՝ ներկայացված միջնորդության դեմ առարկում եմ, բովանդակային չուսումնասիրելով դիրքորոշումը, չգնահատելով այնտեղ եղած փաստերը»։

Այնուհետև դատավորը նշեց, որ այս դատական նիստի ընթացքում պետք է քննարկվի նաև հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ հայցվորի ներկայացրած միջնորդությունը։ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչն անհամաձայնություն հայտնեց․ նա նշեց, որ գործի վարույթը կասեցնելու, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություններ ունի ներկայացնելու․ «Կխնդրեմ այդքան չշտապել հայցի առարկայի փոփոխությանն անդրադառնալ»։

Դատավորը պնդեց․ դատարանի որոշումն արդեն ընդունված է։

Միջնորդությամբ փոփոխություն  է առաջարկվում կատարել հայցադիմումի մեջ և Թերեզա Գևորգյանի նկատմամբ նույնպես գույքային պահանջ ներկայացնել, քանի որ  Ջրվեժում գտնվող անշարժ գույքը դարձել է Արման Գալստյանինը նրանց ամուսնության ընթացքում, համարվում է համատեղ սեփականություն։

Վարազդատ Ասատրյանի կարծիքով՝ այս միջնորդությունը չի կարող բավարարվել, քանի որ իրավասու մարմինը պետք է ուսումնասիրություն իրականացնի, արձանագրի արդյունքները, կազմի եզրակացությունը և դրա հիմքով հայցադիմում ներկայացնի․ «Այս պարագայում, այս սուբյեկտի մասով նշված և ոչ մի գործողություն չի կատարվել»։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ հայց հարուցելուց հետո դատախազությունը որպես հայցվոր է հանդես գալիս և օգտվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցվորին բնորոշ բոլոր իրավունքների և պարտականությունների ծավալից․ «Ինչպես գիտենք, տնօրինչական իրավունքից բխող իրավունքներից այս դեպքում դատախազությունը նույնպես կարող է օգտվել, որից բխում է նաև հայցի առարկայի և հիմքի փոփոխություն  ներկայացնելը»։

Իլոնա Միրզոյանը նշեց, որ նա ամբողջությամբ առարկում է ներկայացված միջնորդության դեմ։

Լիլի Դրմեյանը հայտարարեց, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կկայացնի առանձին դատական ակտի ձևով, որը կուղարկվի կողմերին։ Նշված հիմքով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 5-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել