«Նոր տվյալներ են ստացվել»․ Վլադիմիր Գասպարյանից ևս 2 գույք բռնագանձելու պահանջ կներկայացվի

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Հեղուշ Գալստյանի, Անգելինա Գասպարյանի, ոստիկանապետի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի, Անժելա Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը նախագահող դատավոր Նարինե Ավագյանը թույլատրեց նիստի լուսանկարահանումը։ Տեսանկարահանումն արգելվեց, քանի որ պատասխանող կողմի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը առարկեց դրա դեմ։

Դատավորը հիշեցրեց, որ նախորդ նիստի ընթացքում հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով գործի վարույթը կարճելու միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվել է։ Նարինե Ավագյանն առաջարկեց պատասխանողների ներկայացուցչին հրապարակել իր առարկությունները։ Սակայն Վարազդատ Ասատրյանը հիշեցրեց, որ հայցվորը հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Նա առաջարկեց սկզբում այդ հարցը քննարկման առարկա դարձնել։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը դատարանին խնդրեց միջնորդությունը քննության առարկա չդարձնել, քանի որ նոր միջնորդություն պետք է ներկայացնի։

«Այս ընթացքում, քանի դեռ դատարանը քննում էր հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, նոր տվյալներ են ստացվել քրեական գործի շրջանակներում։ Ստացվել են տեղեկություններ, որ այլ անձի անունով 2013 և 2014 թվականներին ձեռք է բերվել 2 գույք։ Վլադիմիր Գասպարյանը պնդել է, որ իր համար են այդ գույքերը ձեռք բերվել։ Այդ տեղեկությունները ստացվել են իմ կողմից միջնորդությունը ներկայացնելուց հետո։ Մենք՝ ժամանակ չկորցնելով, սկսել ենք կատարել մեր գործողությունները նոր տեղեկատվության մասով և որոշակի վերահաշվարկ ենք սկսել կատարել, որը դեռևս չենք հասցրել ավարտել»,-նշեց դատախազը։

Վարազդատ Ասատրյանի խոսքով՝ եթե հայցի հիմքը և առարկան պետք է փոփոխվեն, ապա իմաստ չունի դատավարական այլ գործողություններ կատարել։

Դատարանը որոշեց դատական քննությունը հետաձգել։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 26-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել