Վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա․ Բեգլարյանի պատասխանը՝ բամբասանքներին

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության բակից հակիրճ անդրադարձ է կատարել Արցախի իրավիճակին ու իր աշխատանքներին։ Այս համատեքստում Բեգլարյանն անդրադարձել է իր հասցեին տարածված բամբասանքներին՝ հերքելով դրանք:

«Այսօր արդեն 30-րդ օրն է ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ցավոք սրտի, ոչ մի քայլ դրական արդյունք չի տվել ՝ շրջափակման վերացման իմաստով, բայց բոլորս շարունակում ենք պայքարը՝ Արցախում գտնվողներն այնտեղ ամուր կանգնելով և դիմակայելով հումանիտար դժվարություններին, իսկ Արցախից դուրս գտնվողները՝ յուրաքանչյուրն իր մասով»,- ասաց Բեգլարյանը։

Նա տեղեկացրեց, որ նստացույցից հետո վերադարձել է իր աշխատանքային ռեժիմին և աշխատանքային օրն անցկացնում է Երևանում Արցախի ներկայացուցչությունում։

«Ստիպված եմ անդրադառնալ մի բամբասանքի, թե իբրև ես գտնվում եմ Ստեփանակերտում, հունվարի սկզբից է այդ բամբասանքը տարածվում։ Կա թյուրիմացություն, քանի որ լրատվամիջոցներից մեկն իմ երեխային գրկած լուսանկար էր դրել, որը մեկ ու կես տարվա հնության է, դրանից էլ զրույցները տարածվեցին և առ այսօր չեն դադարում։ Չնայած դրանից հետո Երևանում մի քանի հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել, այդ թվում ՝ Թաթոյանի հետ, որոնց մասով հրապարակումներ են եղել, սակայն կրկին շատերը կարծում են, որ ես գտնվում եմ Ստեփանակերտում։ Նորիս կրկնեմ ՝ 30 օր շարունակ մենք այստեղ ենք եղել և ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա։ Ես որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել մյուսներից, եթե նույնիսկ հնարավորություն լինի»,- ասաց Բեգլարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել