«Շենքի հարևանությամբ նոր շենք են կառուցում նորմատիվների խախտումով»․ Դավթաշեն առաջին թաղամասի թիվ 13 շենքի բնակիչները բողոքում են

Երևան քաղաքի Դավթաշեն առաջին թաղամասի թիվ 13 շենքի բնակիչները դիմել են Iravaban.net-ին՝ հայտնելով, որ իրենց շենքի հարևանությամբ նոր շենք են կառուցում, ինչի հետևանքով տասներեք հարկանի բնակելի նոր շենքը զրկված է լինելու իր հասարակական նշանակության տարածքներից և չի ունենալու համապատասխան տարածք բակի, խաղահրապարակի, խանութի կամ այլ օբյեկտի համար:

Շենքի բնակիչ Գրիգոր Ավետիսյանը նշում է, որ նոր կառույցը փակելու է արևի հոսքը իրենց շենքի ներքին հարկերի համար, քանի որ գտնվում է քսանհինգ մետր հեռավորությամբ, այնինչ ըստ նորմատիվների շենքերի միջև հեռավորությունը պետք է լիներ իննսուն մետր, նորակառույցի պատուհանները նայելու են իրենց բնակարանների ննջարանների ու խոհանոցների պատուհաններին, ստիպելով փակ պահել դրանք։

«Դավթաշեն առաջին թաղամասը գոտեւորող ճանապարհի մի հատվածը՝ Սասնա Ծռեր փողոցից մինչեւ Աղաբաբյան փողոց, պետք է շահագործման հանձնվեր դեռեւս ութսունականներին, սակայն մինչ օրս շինարարության համար գումար չի հատկացվում: Փոխարենը՝ նախատեսվող ճանապարհը նեղացնելու հաշվին սկսվել է գրաված հողակտորները սեփականացնելու եւ շինարարական նորմատիվների խախտմամբ բարձրահարկ շինությունների կառուցման գործընթաց:

Սա Դավթաշենի գլխավոր հատակագիծն է, որի վրա կարմիր սլաքներով նշել ենք հավելյալ կառույցների տեղաբաշխումը.

Ինչպես տեսնում եք, սլաքով նշված վայրերը նախատեսված են որպես առկա բնակելի շենքերի բնակիչներին սպասարկող հասարակական նշանակության տարածքներ: Այժմ նշված տարածքների /խանութ, զբոսայգի, խաղահրապարակ/ փոխարեն կառուցվել են գլխավոր հատակագծի հետ չառընչվող բարձրահարկ բնակելի շինություններ.

Նոր շինությունները բարձրահարկ բնակելի կառույցներ են: Առաջին երկուսն արդեն պատրաստ են, երրորդի շինարարության թույլտվությունն արդեն տրված է քաղաքապետարանի կողմից եւ հիմքերի փորման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են:

Երեք շինություններից առաջինն իսկ կատարվել է նորմատիվների խախտումով:

Կարելի է նկատել որ նոր կառուցված բարձրահարկ շենքը նախորդից երեսուն մետր հեռավորության վրա է խցկված: Այն դեպքում, երբ ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ –ի թիվ 79 կետում հստակ գրված է, որ բնակելի տների երկար կողմերի միջեւ եղած հեռավորությունը պետք է լինի առավել բարձր շենքի բարձրության կրկնակի չափից ոչ պակաս․

Ո՞վ է թույլատրել այս շինարարությունը։ Դավթաշենի մանկապարտեզների եւ դպրոցների շինությունների մի մասն արդեն իսկ տրվել է «կարիքավոր» բնակիչներին, որպես բնակելի տարածք: Հիմա, նոր բնակելի բազմահարկեր են կառուցվում, այսինքն բնակչությունը պետք է
ավելանա, հասարակական նշանակության տարածքների հաշվի՞ն։

Նույն իրավիճակը այս նամակի խնդրո առարկա երրորդ շինության դեպքում է:

Քաղաքապետարանը ս/թ սեպտեմբերի վերջին թույլատրել է եւս մի տասներեք հարկանի կառույցի շինարարություն, որի բարձրությունը 45 մետր է, այսինքն, ըստ նորմատիվների, կողքի առկա բարձրահարկ շինությունից պետք է գտնվեր իննսուն մետր հեռավորության վրա:

Իսկ նորակառույցի նախագծով կրկին 25-30 մետր հեռավորությամբ պետք է գտնվեն նոր շենքի պատուհանները: Այն էլ հարեւան շենքի ննջարանների դիմաց…

Սա նորակառույցի տեսքն է թիվ տասներեք շենքից

Փաստաթղթերից կարելի է նկատել, որ նախագծողները օգտագործել են հնարքներ նախագիծը նորմատիվներին հարմարացնելու ուղղությամբ, նաեւ՝ տարատեսակ անհասկանալի միջոցներ այս նախագիծը մասնագիտական քննություններին հաստատելու համար: Ինչպե՞ս կարող է ճարտարապետների պալատը եւ շինարարների միությունը հավանություն տալ նորմերի խախտումով նախագծվող շինարարությանը։

Իշխանություններին ուղղված բողոքներին ի պատասխան, քաղաքապետարանից նշել են, որ իրենք չեն զբաղվում քաղաքաշինության նորմերի ստուգմամբ, այլ հենվում են մասնագիտական կազմակերպությունների եզրակացությունների վրա, որոնք «չեն նկատել» որեւէ նորմատիվի խախտում… Այն դեպքում, երբ քաղաքապետարանը աշխատում է պետ բյուջեի հաշվին, այսինքն՝ քաղաքացիների հարկերից ստացված գումարներով, եւ պետք է պաշտպաներ մեր շահերը գործարարների ոտնձգումներից: Իսկ քաղաքապետարանը դիմում է մասնագիտական ՓԲԸ, ստանում է եզրակացություն եւ երբ անգամ ներկայացնում ենք նորմատիվների խախտման փաստերը, հրաժարվում է դրանք քննարկելուց: Անտեսվել է այն հանգամանքը, որ այդ հողատարածքը գտնվում է մեր շենքի անմիջական հարեւանությամբ եւ նախատեսվել է հենց մեր շենքի բնակիչների համար, որպես հասարակական նշանակության տարածք՝ պարենային խանութ: Խանութը փակվեց, ապա սեփականաշնորհվեց, ապա փոխվեց սեփականության տեսակը եւ վերջապես դրա տեղում կառուցվում է բազմաբնակարան նոր շենք, ինչով ոտնահարվում են ապրելու համար ընդունելի պայմանները:

Այս հողագողության, մեր շենքի բնակիչներին գլխավոր հատակագծով հատկացված հասարակական նշանակության տարածքների յուրացման միջոցով, մենք զրկվել ենք ոչ միայն նախկինում գործող պարենային խանութից, այլեւ նոր կառուցվող շենքը փակելու է մեր շենքի ստորին հարկերին բաժին ընկնող արեւի լույսը, մանավանդ ձմռան ամիսներին, ավելացնելով կոմունալ ծախսը, նաեւ բարձր հարկերին զրկելու է Մասիսին նայող տեսարանից, որը երաշխավորված էր քաղաքի Գլխավոր նախագծով, եւ դրանով իսկ իջեցնելու է բնակարանների շուկայական արժեքը: Մարդիկ մեր շենքում բնակարան էին գնում հենց այդ տեսարանի եւ արեւկողության համար:

Նորակառույց երեք շինություններից նախորդ երկուսը արդեն իսկ խնդիրներ են առաջացրել: Շենքերը չունեն հասարակական նշանակության տարածքներ, քանզի կառուցվել են հենց դրանք բռնագրավելու միջոցով: Բնակիչների մեքենաները կայանում են հարեւան շենքերի բակերում ընդհարումների մեջ մտնելով հին շենքերի բնակիչների հետ: Խնդրո առարկա երրորդ շենքը իբր նախատեսում է առաջին հարկերում ավտոկայան, սակայն ընդամենը երեսուն տեղանոց, ութսուն բնակարանոց շենքի համար…

Սեփական հանգստյան գոտի, խաղահրապարակ չունենալու պատճառով նոր շենքերի բնակիչները ստիպված օգտվում են հարեւան հին շենքերի խաղահրապարակներից… այսինքն՝ կրկին հասարակական նշանակության տարածքների կարեւորությունը ոտնահարելու հաշվին:

Խնդրում ենք, աջակցել մեր շենքի բնակիչներին իրենց ոտնահարվող իրավունքները վերականգնելու ուղղությամբ, դադարեցնել բնակչության խտության նորմատիվները խախտելու եւ բնակիչների օրինական հասարակական տարածքները գրավելու հաշվին նոր շինարարության գործընթացը: Մեր թաղամասն եղել է օրինակելի համայնք, իսկ հիմա վերածվում է քաղաքացիների ապրելակերպը փչացնող շենքակույտի»,-ներկայացնել են շենքի բնակիչները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել