Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն 2023 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցելու նպատակով մեջլիսում ելույթ ունենալիս երրորդ անգամ փոխել է միտքը՝ նշելով, թե Ստամբուլում օրերս ահաբեկչություն իրականացրած կինը եկել էր Սիրիայի Մանբիջ շրջանից:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, թե նա Աֆրինից (Սիրիա), իսկ հետո էլ, թե Իդլիբից (Սիրիա) է ներթափանցել Թուրքիա։
Սոյլուի՝ իրար հակասող այս հայտարարությունները բուռն արձագանք են գտել թուրքական մամուլում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարող Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 6, վիրավորվել՝ 81 քաղաքացի: Պայթյունի հաջորդ օր թուրքական ոստիկանություն հայտարարել էր, ռումբը տեղադրած կնոջը ձերբակալելու մասին՝ նշելով, որ նա Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով: Հաղորդագրության մեջ ասվել էր նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը: