Այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից, կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«Ցավոք, 44-օրյա պատերազմում և դրանից հետո դեպքեր ենք ունեցել: Լավ է, որ այդ գործերով ինտենսիվ քննություն է գնում, դատական գործեր կան: Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել, որտեղ որևէ մեկը՝ անկախ էմոցիոնալ վիճակից, օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի ազդեցությունը շատ արագ և ամենակոշտ ձևով զգա, որովհետև սա պետական անվտանգության հարց է, և այստեղ մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ »,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Կառավարության համար շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը:

«Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծեն երկրի ազգային անվտանգության համար: Ժողովրդավարությունը ժողովրդավարություն, խոսքի ազատություն, ամեն ինչ հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել: Ակնկալում ենք, որ իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայությունը շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում համագործակցող անձանց, որովհետև դա գործակալական ցանց է Հայաստանի Հանրապետությունում: Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց, կարծում եմ, գործակալական ցանցերի հետ մեր խնդիրները չենք կարգավորել և պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել