ԱԱԾ. Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։

Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ավելի վաղ ԱԺ-ում վարչապետն ասել էր. «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։

Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։

Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել