Ուսուցիչը չի օգտվում իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից․ Նիկոլ Փաշինյան

Մեր կրթական ռազմավարության մեջ, ինչպես վերը նշեցի՝ էական գործոն պիտի դառնա տաղանդի բացահայտումը, խրախուսումը և զարգացումը, ըստ անհրաժեշտության, նաև պաշտպանությունը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզաբանելով ասվածը՝ ուզում եմ ընդգծել, որ մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է: Բայց որպեսզի նրա տաղանդը բացահայտվի՝ նա պիտի հասանելիություն ունենա կրթությանը: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ յուրաքանչյուր երեխայի պիտի հասանելի լինի որակյալ մանկապարտեզ, նախակրթարան, դպրոց: Բայց ուզում եմ ընդգծել, որ որակյալ մանկապարտեզը և դպրոցը կազմված է մի քանի բաղադրիչներից, արդեն ասացի՝ պատշաճ շենքային և գույքային պայմաններ, պատշաճ կրթական ծրագիր և բովանդակություն, որակյալ մանկավարժական կազմ: Այս բաղադրիչներից որևէ մեկի բացակայությունն անարդյունավետ է դարձնում կրթությունը:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք չափազանց պատասխանատու պիտի վերաբերենք այն հարցին, թե շենքային ինչ պայմաններում են ժամանակ անցկացնում մեր երեխաները, ինչի վրա են ծախսում ժամանակը, նկատի ունեմ՝ ինչ առարկայի, ինչ բովանդակության և ում հետ են ծախսում այդ ժամանակը, նկատի ունեմ՝ ինչ ուսուցչի: Եվ այս առումով չափազանց կարևոր է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգվելու մեր ծրագիրը: Չափազանց կարևոր է, որ մենք քաղաքական կամք դրսևորեցինք և ընդունեցինք նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչները ու չափազանց կարևոր է արձանագրումը, էլի կրկնում եմ, որ եթե ուսուցիչը չի օգտվում իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից և դա չի անում մի քանի տարի և մի քանի անգամ, ուրեմն նա կամ ուսուցիչ լինելու ցանկություն չունի, կամ ուսուցիչ լինելու հմտություն չունի, և մենք պետք է նրան աջակցենք՝ մասնագիտական վերապատրաստման և այլ աշխատանք գտնելու հարցում: Սա մեր երեխաների անվտանգության հարց է, սա մեր երկրի անվտանգության հարց է:

Բայց սա տաղանդների խրախուսման ամբողջ քաղաքականությունը չէ, որովհետև պետությունը պետք է ունենա մեխանիզմներ՝ նկատելու բացահայտված տաղանդը և ըստ անհրաժեշտության, այն զարգացնելու կոնկրետ մեխանիզմներ ունենա, որովհետև մեկը տաղանդավոր է բնական գիտությունների, մյուսը՝ արվեստի, երրորդը՝ արհեստի, չորրորդը՝ սպորտի մեջ: Մենք պետք է կարողանանք մեխանիզմներ ստեղծել տաղանդի զարգացման ընդհանրական ծրագրերից, ինչի մասին վերը նշեցի, հնարավորինս վաղ անցում կատարել անհատական ծրագրերի: Նկատի ունեմ՝ հնարավորինս վաղ նկատել կոնկրետ երեխայի տաղանդը, գնահատել տաղանդի առավելագույն զարգացման համար անհրաժեշտ կարիքները և դրանց զարգացման անհատականացված ապահովելու պետական երաշխիքներ ստեղծել: Սա մի թեմա է, որին մենք անդրադարձել ենք կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ժամանակ, և ես հիմա սա բարձրաձայնում եմ այս գաղափարի հետագա զարգացման անհրաժեշտությունն արձանագրելու համար: Վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սա պիտի ընկալեն որպես հանձնարարական: Ընդ որում՝ տաղանդի զարգացման համակարգը պիտի գործի մանկապարտեզից մինչև ուսումնարան և բուհ, և մեր տեսլականն է, որ երկրում որևէ երեխա չպետք է զրկվի իր տաղանդը առավելագույնս զարգացնելու հնարավորությունից՝ իր ընտանիքի, ասենք, սոցիալական վիճակի պատճառով: Ընդհակառակը, պետությունը պիտի երաշխավորը լինի այն մոտեցման, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդ պետական արժեք է, և պիտի պաշտպանվի պետության կողմից:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

սիրելի հայրենակիցներ,

սիրելի աշակերտներ, ուսանողներ, սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ,

Այսօրվա Սեպտեմբերի 1-ի առիթն օգտագործեցի՝ կիսվելու համար կրթության ոլորտում մեր մի շարք ռազմավարական անելիքների շուրջ մտածումներով:

Խոսքս ուզում եմ ամփոփել Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ արձանագրված հետևյալ մտքով. «կրթությունը միակ գործիքն է, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել դրանց լուծումները: Մենք շատ խնդիրներ ունենք, և կրթությունն է այն գործիքը, որը մեզ պիտի թույլ տա ճանաչել դրանք և գտնել դրանց լուծումները:

Շնորհակալ եմ: Այսքանը՝ Սեպտեմբերի 1-ի առիթով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել