Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը

Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդել են հրատապ դատական նիստ հրավիրել։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, նրանք դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ նքնաբացարկի միջնորդությունը հաստատ չի ընդունվելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, որովհետև ինքը խնդիր ունի այս գործը քննելու, Աղվան Հովսեփյանին երկարաժամկետ կալանքի տակ պահելու, հետագայում կայացնելու այն դատական ակտը, որը պատվիրված է։

«Այս պրիմիտիվ հանգամանքը, որ ինքը խափանման միջոցի հարցը չի քննարկում, առանց քննության է թողնում ու ասում է՝ նոր հանգամանք չկա․․․ այնքան պարզ տրամաբանական հարց է, որը ինքը չի հասկանում, այսինքն՝ հասկանում է, բայց չի անում, հետևաբար չենք կարող ուրիշ ոչինչ ասել։ Տեսեք․ ասում ենք, որ անձն ունի ծանր հիվանդություն, ավելի ծանր ընթացք է ստացել և նոր հիվանդություններ ունի և այս հանգամանքը յուրաքանչյուր դատավորի պարտավորեցնում է անհապաղ քննարկել, տեսնել՝ այդ հիվանդությունների պայմաններում արդյո՞ք անձին պետք է ազատ արձակի, թե՝ ոչ։ Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը, իբր թե նոր հանգամանք չենք ասել ու հետևաբար ինքը մեկ անգամ արդեն քննարկել է խափանման միջոցի հարցը ծանր հիվանդության հիմքում ու այլևս պետք չէ։ Դրա համար ենք հարց բարձրացնում։ Եթե անձը, մեղադրյալը, գտնվի մահամերձ վիճակում ու այդ պահին բժիշկներն ասեմ, որ պետք է անհապաղ ազատ արձակել և մենք բերում ենք այդ փաստաթուղթը դատարան ու դատավորին ասում ենք քննարկի․ ի՞նչ, ինքը պետք է ասի ես արդեն մի անգամ այդ հարցը քննարկել եմ ու հետևաբար էլ երբեք չեմ քննարկելու՞։ Այս աբսուրդների մակարդակը, որ պարոն Մարտիրոսյանը անում է և փորձում է փաթաթել հասարակության վզին, իրավաբանական մեկնաբանություններ էր անում, ու՞մ է պետք էդ ձեր ամեն ինչը, ուզում է տպավորություն ստեղծել, թե իբր օրինական որոշում կայացրե՞ց։ Դրա համար ինքնաբացարկ ենք հայտնում, ասում, որ դու այս գործն ընդհանրապես չես կորղ քննել»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը ծանր է, և անհասկանալի է, թե ինչին է սպասում դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Նա նաև նշեց, որ ներկայացված բժշկական փաստաթղթին որևէ ուշադրություն չեն դարձնում, ասում են՝ փորձաքննություն նշանակեք, տեսնենք՝ ճի՞շտ է, թե չէ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե դատավորը չի լսել իր միջնորդությունն առ այն, որ պաշտպանյալի առողջական վիճակից ելնելով հարկ է փոխել նրա խափանման միջոցը։

Ալեքսանյանի խոսքով՝ ինքը նոր հիվանդություններ է ներկայացրել, որոնք նոր հանգամանք են, այլ ոչ՝ նույնատիպ, ինչպիսին որակել էր դատավորը։

Էրիկ Ալեքսանյանը դուրս եկավ նիստերի դահլիճից՝ նշելով, որ Մարտիրոսյանի տեսքով օրինական դատարան չի տեսնում։ «Վախեցեք Աստծուց, հագելի դատարան։ Ես շատ եմ ափսոսում, որ պետությունը ձեզ հնարավորություն է տվել այդ պատմուճանը կրել։ Դուք կարող եք սանկիցա կիրառել։ Ես ձեր տեսքով օրինական դատարան չեմ տեսնում, ի սկզբանե չեմ տեսել, իմ դիրքորոշումը պնդում եմ»։

Նրա նկատմամբ Մնացական Մարտիրոսյանը սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով ու նիստը շարունակեց։

Ինչ վերաբերում է դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը՝ Մնացական Մարտիրոսյանը մերժեց այն։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփկանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ «Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար»,-ասել էր Ալեքսանյանը։

—————————

Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով: Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր 2021 թվականի սեպտեմբերի 8-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել