Գորիսի պետական համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները:
ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած՝ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին դիմել է չորս թեկնածու, սակայն Լեռնիկ Պետրոսյանի ներկայացրած դիմումի համաձայն` վերջինս չի մասնակցելու ընտրությանը:
Մյուս երեք թեկնածուները ներկայացրել են Գորիսի պետական համալսարանի զարգացման և բարեփոխման իրենց հայեցակարգերը: Խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնց հիմքում նախատեսվող բարեփոխումների իրականացման առավել առարկայական մոտեցումն էր, բուհը գիտահետազոտական միջավայր դարձնելու տեսլականը և այլն: Հարցերին հաջորդել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և խորհրդի անդամների ելույթները:
Ելույթներից հետո ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Թ. Մարությանը հայտարարել է ինքնաբացարկ։ Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով ռեկտորի երկու թեկնածուներից՝ Հրայր Պետրոսյան (կողմ՝ 1, դեմ՝ 18), Տիգրան Վանդունց (կողմ՝ 17, դեմ՝ 2), բոլորին դեմ՝ 1, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/05/01f477571b09b339613ec3aae20a1ec5.jpg)