Էստոնիայի խորհրդարանն այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարություն է ընդունել, որում ցեղասպանություն է անվանել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և կոչ է արել ԵՄ երկրներին հրաժարվել Ռուսաստանի էներգիայից: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Խորհրդարանը ճանաչում է Ռուսաստանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները որպես ցեղասպանություն՝ ուկրաինացի ժողովրդի դեմ: Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետական քարոզչության հետ միասին գաղափարապես ներում է այդ հանցագործությունները: Խորհրդարանը նաև կոչ է անում համագործակցել այլ պետությունների հետ և ստեղծել միջազգային դատարան՝ ռուսների հանցագործությունները բացահայտելու և պատժելու համար»,- ասված է փաստաթղթում, որը մեջբերում է Էստոնիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Էստոնացի պատգամավորները նաև կոչ են արել աշխարհի երկրներին անհապաղ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև մեծացնել Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։