Վլադիվոստոկում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել փախստականների ժամանման պատճառով

Ապրիլի 15-ից Վլադիվոստոկում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից և Ուկրաինայից փախստականների ժամանման պատճառով: Այս մասին նշվում է Վլադիվոստոկի վարչակազմի որոշման տեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վլադիվոստոկի քաղաքային օկրուգի տարածք Ուկրաինայի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց ժամանման կապակցությամբ, որոնք մշտապես ապրել են Ուկրաինայի, ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի տարածքներում եւ հարկադրաբար հեռացել են (բնակության) տարածքներից… Վլադիվոստոկ քաղաքի վարչակազմը որոշում է բարձր պատրաստության ռեժիմ սահմանել կառավարման մարմինների և արտակարգ իրավիճակների նախազգուշացման ու վերացման միասնական պետական համակարգի Պրիմորիեի տարածքային ենթահամակարգի Վլադիվոստոկի քաղաքային օղակի ուժերի համար»,-ասվում է որոշման մեջ, որը ստորագրվել է քաղաքապետ Կոնստանտին Շեստակովի կողմից:

Նշենք, որ քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի հանրապետություններից սկսվել է փետրվարի կեսերից իրադրության սրման ֆոնին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել