Ուկրաինայի իշխանությունները ռուսական լայնածավալ հարձակման դեպքում, Անկարային կխնդրեն փակել Բոսֆորի և Դարդանելիի նեղուցները ռուսական նավերի համար

Ուկրաինայի իշխանությունները ռուսական լայնածավալ հարձակման դեպքում Անկարային կխնդրեն փակել Բոսֆորի և Դարդանելիի նեղուցները՝ ռուսական նավերի համար։

Այս մասին Reuters-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, տեղեկանում ենք ПРАВДА.com-ից:

Նրա խոսքով՝ Կիևը սպառնալիք է համարում ռուսական ռազմանավերի առկայությունը Սեւ ծովի ափին՝ Ուկրաինայի մերձակայքում։

«Ուկրաինան Անկարային կխնդրի դիտարկել իր երկու նեղուցները ռուսական նավերի համար փակելու հարցը՝ Մոսկվայի ներխուժման դեպքում»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ռուսաստանի քայլերը:

Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի կամ Ուկրաինայի հետ իր կապերից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել