ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ վաստակավոր փրկարարին արժանացրել է պարգևի, մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:
Նշենք, որ Արցախում փրկարար ծառայության ստեղծման գաղափարը հասունացել է 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո երբ արցախցիներից կազմավորված կամավորական խմբերն առաջիններից մեկն էին, որոնք հասել են աղետի գոտի և իրենց համեստ ավանդը ներդրել երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Աղետի գոտուց վերադառնալուց անմիջապես հետո Ասլան Գրիգորյանը ձեռնամուխ է եղել Արցախում փրկարար ծառայության ստեղծմանը, որը մինչև 1990թ. գործում էր հասարարակական հիմունքներով: