Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ազատագրական շարժումն այսօր ներկայացրել է ծրագիրը (կցվում է):
Ծրագրում ներկայացվել են արտաքին և ներքին վտանգների մասին շարժման դիրքորոշումները, ինչպես նաև նպատակները:
Հայկական պետականությունը (ինքնիշխանությունը) փրկելու համար, Ազատագրական շարժումը նպատակ ունի՝
1. Հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականներին:
Այս նպատակին հասնելու համար Ազատագրական շարժումը պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի և անհատների հետ, անկախ նրանից քաղաքական կամ այլ հարցերում տարընկալումներ ունեն, թե՝ ոչ:
2. Հասնել նոր ընտրությունների կամ ազգային միասնության և համերաշխության անցումային կառավարության ձևավորմանը:
Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է երկու լուծում՝
Ա) Անցկացվում են նոր ընտրություններ, որոնք չպետք է կազմակերպվեն գործող իշխանությունների կողմից.
Այս դեպքում, ստեղծվում է ընտրությունների կազմակերպման ժամանակահատվածում գործող ժամանակավոր կառավարություն, որը գործելու է մինչև ընտրությունների ավարտը:
Բ) Առնվազն մեկ տարի ժամկետով ձևավորվում է անցումային կառավարություն, որը մշակում և իրականացնում է երկրի վերականգնմանն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև կազմում է Սահմանադրության փոփոխությունների փաթեթը, կազմակերպվում է հանրաքվե և ընտրություններ:
Ա և Բ տարբերակներում ժամանակավոր և անցումային կառավարությունները պետք է ձևավորվեն ազգային միասնության և համերաշխության կարգով, ինչպես նաև կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխան և կրողը լինեն հետևյալ 7 (յոթ) սկզբունքներին՝
1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.
2) Արցախի ինքնորոշման ճանաչում.
3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.
4) Հայոց բանակի հզորացում.
5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում.
6) Ազգային արժեքների պահպանում.
7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:
Վերոհիշյալ 2-րդ նպատակի իրագործման համար ընդունելի են լինելու այն քաղաքական ուժերը և անհատները, որոնք չեն հատելու վերոհիշյալ 7 (յոթ) կարմիր գծերը»,-նշել է նա: