Դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով ԲԴԽ անդամները ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրին

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր սկսեց Արդարադատության նախարար միջնորդության քննությունը, որը վերաբերում է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։

Նիստի մեկնարկին Ջհանգիրյանը հայտարարեց, որ ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Միջնորդության մեջ նշվել է, որ Մխիթարյանը վերաքննիչ դատարանում մասնակցել է այն գործի քննությանը, որում կատարած դատավարական խախտումների հիմքով ատյանի դատարանի դատավոր Նախշքարյանին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել։

Խորհուրդը խորհրդական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ միջնորդությունը բավարարվել է։

ԲԴԽ մեկ այլ անդամ, Մեսրոպ Մակյանը նշեց, որ հայտարարություն ունի անելու․ «Մոտ 2-3 տարի առաջ, որպես հայցվոր քաղաքացիական գործ եմ ունեցել տիկին Նախշքարյանի մոտ, գումարի բռնագանձման վերաբերյալ, որը դատավորի կողմից բավարարվել է։ Այս մասին պարտավոր եմ բարձրաձայնել, որպեսզի հետագայում կողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չառաջանա իմ անաչառության վերաբերյալ»։

Մակյանը նշեց, որ մի քանի օր առաջ է հիշել այդ մասին։ Խորհրդի անդամի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել