Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա ԲԴԽ հրավիրել լրագրող Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր շարունակվում է Արդարադատության նախարար միջնորդության քննությունը, որը վերաբերում է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։

Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը միջնորդեց գործով որպես վկա հրավիրել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին։ Եվ զգուշացրել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է:

Նշված լրատվամիջոցներից որոշները ներկայացել էին։ Քննարկումից հետո Սաֆարյանի և Livenews-ի լրագրող Թագուհի Ասլանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։ Այդ ընթացքում նա դուրս եկավ սենյակից և փակեց դուռը իր հետևից գնացող լրագրողների առաջ։ Հետո վերադարձավ ինստիտուտի աշխատակիցների հետ և պահանջեց լքել գրասենյակը։ Լրագրողտ դիմել էր դատարան և Նախշքարյանը նրա օգտին որոշում էր կայացրել։

«Խորհրդի առաջ բարձրացված հարցերից մեկն այն է, թե արդյոք դատավորը դուրս է եկել հայցի առարկայի և հիմքերի սահմաններից և «ես կարող եմ գալ և նույնքան լկտի, որքան Դուք ներխուժել Ձեր բնակարան» արտահայտության մեջ «լկտի» բառի գնահատական տալիս այդ բառը դիտարկել է նախադասության լեզվաբանական համատեքստում և այդ առումով գնահատական է տվել  նաև «ներխուժել» բառին։ Կարևոր է, թե ինչպես են այն ընկալել հայցվոր Թագուհի Ասլանյանը և պատասխանող Ստյոպա Սաֆարյանը, որ արտահայտություններն է հայցվորը համարել վիրավորական՝ ըստ այդմ դիմելով դատական պաշտպանության և ինչպես է պատասխանողը ընկալել իր դեմ ներկայացված հայցը»,-նշեց Սահակյանը և ներկայացվեց նաև 2-րդ միջնորդությունը, որով միջնորդեց նշանակել լեզվաբանական փորձաքննություն՝ վերոնշյալ նախադասության հետ։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ վկաներ հրավիրելը նպատակահարմար չէ։

Բարձրագույն դատական խորհուրդը միջնորդության լուծումը հետաձգեց՝ հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո։ Նույն որոշումը կայացվեց նաև 2-րդ միջնորդության վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել