Մեզ այսօր քննադատում են՝ ասելով գնացեք սահման, ի՞նչ եք հրապարակում կանգնել․ Արա Զոհրաբյան

«Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ նոյեմբերի 26-ին շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ ասելով․

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիային մասնակցած մեր գործընկերներին, այլ քաղաքացիներ էլ էին միացել, նրանք էլ էին բերման ենթարկվել։ Անօրինական էր ոստիկանության՝ բերման ենթարկելու և վարչական ձերբակալման ենթարկելու գործընթացը, քանի որ «Հավաքների ազատության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ երբ հավաքը կամ բողոքի ակցիան օրինական չէ, ոստիկանությունը պետք է հավաքի կազմակերպչին պահանջ ներկայացնի, ողջամիտ ժամանակ տա, և այդ ժամանակում բողոքի ակցիան չդադարեցվելու դեպքում, 2 անգամ բարձրախոսով հայտարարի, նոր անցնի ֆիզիկական ուժի կիրառման։

Այսօր Սախարովի հրապարակի մոտ՝ Նալբանդյան փողոցի վրա, ոստիկանության մեքենաները եկան և առանց խոսելու, նույնիսկ առանց բարևելու միանգամից ֆիզիկական ուժ կիրառեցին։ Ցավը գիտե՞ք՝ որն է, երբ որպես փաստաբան, տեսնում ես, որ ոստիկանը զեկուցագիր է նորկայացնում, որում գրված է այսպես՝ մենք տեսանք բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն, պահանջեցինք պահպանել հակահամաճարակային կանոնները, պահանջեցինք, որ բողոքի ակցիան դադարեցնի, ողջամիտ ժամանակ տրամադրեցինք, դա չանելուց հետո բերման ենթարկցինք։ Պատկերացնու՞մ եք, տեսանյութը կա, բոլորը տեսնում են, որ մեքենայից իջնում, միանգամից հարձակվում են։ Հետո էլ ասում են՝ ինչու ոստիկանին մարդը չի վստահում։

Հարգելիներս, ես չեմ ասում՝ դուք ձեր գործը չանեք, հակառակը, ոստիկանությունը շատ կարևոր ինստիտուտ է, ոստիկանությունն իրավախախտումները կանխող ինստիտուտ է, բայց երբ ոստիկանը կեղծիքի է գնու, դա դառնում է չարիք՝ պետության համար։ Չի կարելի այդպիսի ոստիկաններին ընդհանրապես տեղ տալ։ Եվ ապագայում այս երկրում պետք է մաքրվեն հենց այդ տիպի ոստիկանները։

Մեզ այսօր քննադատում են, ասում են՝ գնացեք սահման, ի՞նչ եք հրապարակում կանգնել․ ուզում եմ ձեզ հարցնել՝ արդյո՞ք սահմանում է հարցը լուծվում, իհարկե ոչ։ Մենք գնացինք սահման․ ու այս շենքում նստող մարդիկ մեզ չեն զինելու, հետ քաշվելու հրաման են տալու, սահմանում կանգնած զինվորը կամ կամավորը ի՞նչ պետք է անի։ Հարց լուծելու տեղն այս հարթակն է, դրա համար մենք եկել ենք այստեղ։

Քանի որ մենք հռչակել ենք միասնականության ուղղություն, պետք է հետևողական լինենք հենց այդ ուղղությանը։ Մենք չենք կարող բացի այս իշխանության պատասխանատու անձանցից մնացած որևէ ուժին մերժել։ Եկեք այդ միասնականության ոգին չկոտրենք։ Մենք չենք ասում՝ եկեք մեզ միացեք, այլ մենք գանք ձեզ միանանք, բոլորս բոլորիս միանանք։ Մենք պետք է միասնականորեն մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել