Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել․ ՊՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Պաշտպանության նախարարությունը 19։10-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել, իսկ տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Իրավաբան․net-ը 20։00-ի սահմաններում կապ էր հաստատել Նորաբակի համայնքապետարանի հետ։ Արմեն Ղազարյանը, ով Նորաբակի համայնքապետարանի օպերատորն է, մեզ հայտնել էր․ «Կրակոցները գյուղից 6-7 կմ հեռավորության վրա են, ես էլ դեռ ստույգ ոչինչ չգիտեմ։ Բայց կրակոցները գյուղում լսվել են, այս պահին կրակոցներ չկան, բայց կարող է շարունակվեն, ով գիտի»։

Նա նշել էր, որ քիչ առաջ հնչած կրակոցների ձայները շատ երկար չեն տևել, իսկ բնակիչների շրջանում խուճապ չկա։ «Խուճապ չէի ասի, որ կա, արդեն սովորել ենք, միշտ էլ հնչում են էլի»,- նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել