ՄԻԵԴ-ը հրապարակել է հայ գերիների գործով դատավճիռները․ Ադրբեջանը մի շարք իրավունքներ է խախտել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ պաշտոնական կայքից։

Դատարանը բավարարել է հայկական կողմի հայցերն ու Ադրբեջանին մեղավոր ճանաչել։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում 40․000 եվրո վճարել՝ յուրաքանչյուր գործով։

Վճռում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստան։ Որոշ ժամանակ անց նա մահացել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի արյան և մեզի մեջ կա նավթ և հոգեմետ «Ապաուրին» դեղամիջոցը։ Նրա մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Իսկ Չինարիի բնակիչ, 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը 2014 թվականին մոլորվել էր, հատելով հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվել ադրբեջանական գյուղում: Ադրբեջանական կողմը նրան ձերբակալել էր, իսկ հետո հայտարարել, թե նա անսպասելիորեն մահացել է «սուր սիրտ-թոքային և սրտամկանի անբավարարությունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել