Մի հետաքրքիր պատմություն կա, ասում է՝ երբ մոմի մեկ փոքրիկ լույսը վառենք, դնենք սենյակի մեջ, միայն իր շուրջը կլուսավորի, իսկ երբ շատ մոմեր են լինում, ավելի լուսավոր և պայծառ է դառնում։ Այդպես նաև ընդհանրական աղոթքն է, որին պետք է մարդիկ մասնակցեն։ Եթե մեկ հոգի է մասնակցում, դա փոքրիկ լույսն է, որ միայն իր շուրջն է լուսավորելու, իսկ եթե բազմաթիվ մարդիկ լինեն եկեղեցում, ավելի լուսավոր կլինի։ Այս մասին Իրավաբան.net-ի «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում ասաց Արարատյան հայրապետական թեմի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը։
– Ի՞նչ է ժամերգությունը, ի՞նչ խորհուրդ ունի այն։
– Ժամերգությունը ընդհանրական աղոթքի ձև է, տեսակ, որ սահմանված ժամերին ժողովուրդը հավաքվում է եկեղեցում և իրենց աղոթքն են բարձրացնում Տիրոջը։ Ժամերգության ընթացքին շատ ցանկալի է, որ հավատավոր ժողովուրդը մասնակցի։ Ժամերգությունը բոլոր եկեղեցիներում կատարվում է օրվա տարբեր ժամերին՝ առավոտյան, երեկոյան։ Աղոթքի երկու տեսակ կա՝ առանձնակի աղոթք և ընդհանրական աղոթք։ Առանձնակին այն է, որբ մարդը ցանկանում է թեկուզ տանը Աստծո հետ կապ ունենալ և իր աղոթքն է բարձրացնում Տիրոջը։ Իսկ ընդհանրական աղոթքը սահմանված վայրում է, որը եկեղեցին է։ Մարդու աղոթքն ավելի լսելի է, երբ Աստծո տաճարի մեջ է կատարվում։ Ընդհանրական աղոթքին ցանկալի է, որ հավատավոր ժողովուրդը քահանայի հետ միասին աղոթք բարձրացնեն Տիրոջը։ Եվ քահանան իրենց աղոթքներն է ներկայացնում Աստծուն՝ որպես միջնորդ։
– Քանի՞ ժամերգություն ունի Հայ առաքելական եկեղեցին։
– Հայ առաքելական եկեղեցին ունի 9 ժամերգություն։ Դրանք են՝ Գիշերային ժամերգություն, Առավոտյան ժամերգություն, Արևագալի ժամերգություն, 3 Ճաշու ժամերգությունները, Երեկոյան, Խաղաղական, Հանգստյան։
– Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, հատկապես մարզերում շատ են ասում՝ ժամ գնանք, սա որևէ կապ ունի՞ ժամերգության հետ։
– Բառային կապ ունի, ինչպես քիչ առաջ նշեցի, հատուկ ժամեր կան աղոթքի համար սահմանված, և ժողովուրդը հավաքվում է եկեղեցում և աղոթք է կատարում։ Այսինքն՝ այդ ժամերին կոչնակով, զանգակով կանչում են հավատավոր ժողովրդին, որ մասնակցեն, օրինակ, Առավոտյան ժամերգությանը կամ Երեկոյան ժամերգությանը։ Այդ ժամին երգվում են սաղմոսներ, շարականներ, ասվում են աղոթքներ՝ օրվա խորհրդով։
– Տեր Հրաչ, եկեք առանձին-առանձին անդրադառնանք ժամերգություններին։ Գիշերային ժամերգություն. ե՞րբ է այն տեղի ունենում և ի՞նչ խորհուրդ ունի։
– Բոլոր ժամերգություններն ունեն իրենց տիտղոսները՝ ուղղված Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգի Աստծուն։ Գիշերային ժամերգությունները կատարվել են գիշերվա ժամին՝ կեսգիշերին, և մարդուն հոգևորապես արթնության մեջ են պահել, որ զորացած դիմավորի առավոտը՝ լուսաբացը։ Գիշերային ժամերգությունն ուղղված է Հայր Աստծուն։ Այնտեղ խնդրում են Աստծուն, որ մարդուն տա շնորհ՝ իր շուրթերը բացելու, որ առավոտյան օրհնաբանի Աստծուն։ Մեր իրականության մեջ գիշերային ժամերգությունը կատարում ենք առավոտյան՝ Առավոտյան ժամերգության հետ միասին կամ առանձին-առանձին։ Շարականներով օրվա խորհուրդն է բացատրվում բոլոր ժամերգությունների մեջ։ Գիշերային ժամերգությանը խնդրում ենք Աստծուն, որ մեր շուրթերը բացի, որ օրհնաբանենք իրեն։
– Ե՞րբ է կատարվում առավոտյան ժամերգությունը և ի՞նչ է խորհրդանշում։
– Առավոտյան ժամերգությունն ուղղված է Որդի Աստծուն։ Առավոտյան ժամերգությանը խնդրում ենք, որ մեզ տրված այդ առավոտը կարողանանք հաջողությամբ անցկացնել և Աստծո ներկայությունը վայելել։ Ես նշեցի 9 ժամերգություններ, հրեշտակների 9 դասեր կային, և եկեղեցու հայրերը նշում են, որ հրեշտակների 9 դասերը, երբ փառաբանում են Աստծուն, այդպես և մենք ժամերգությունների միջոցով պետք է փառաբանենք Աստծուն օրվա 9 ժամերին։ Առավոտյան ժամերգությունը օրվա սկիզբն է ազդարարում նորից աղոթքով, որ Աստծով ապահովված և հոգով զորացած մեր ընթացքն ունենանք և օրը սկսենք Տիրոջ տնից՝ եկեղեցուց։
– Խոսենք նաև Արևագալի ժամերգությունից։
– Արևագալի ժամերգությունն իր խորհրդով, ինչպես նաև Առավոտյան ժամերգությունը, ազդարարում էր Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը։ Երբ յուղաբեր կանայք այցելեցին Տիրոջ գերեզմանին, այնտեղ առավոտ էր, առավոտյան այցելեցին և հարության ավետիսը առավոտյան փոխանցեցին մարդկանց։
– Ի՞նչ են խորհրդանշում Ճաշու 3 ժամերի ժամերգությունները:
– Ճաշու երեք ժամերգությունները ժամանակին կատարվել են տարբեր ժամանակահատվածներում՝ կեսօրին՝ 11։00-ին, միջօրեին՝ 13։00-ին, և օրվա երրորդ ժամը 15։00-ն է համարվել։ Առաջինը Ճաշու երրորդ ժամերգությունն է, որն ուղղվում է Սուրբ Հոգի Աստծուն, Հայր Աստծուն է ուղղվում Ճաշու երկրորդ ժամերգությունը, և մյուսը՝ Որդի Աստծուն։ Ճաշու ժամերգությունները երեքը միասին են կատարվում:
– Երեկոյան ժամերգությունն ի՞նչ խորհուրդ ունի։
– Երեկոյան ժամերգությունն ուղղված է ի դեմս Որդի Աստծո։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում են նաև նախատոնակներ, եթե հաջորդ օրը կա Սրբոց տոն և Տաղավար տոն։ Ինչու՞ են կատարվում Երեկոյան ժամերգությանը, որովհետև եկեղեցական օրացույցի համաձայն՝ ժամը 17։00-ից հետո օրը փոխվում է, և մենք պետք է տոնական ոգով կարողանանք դիմավորել հաջորդ օրը։
– Ե՞րբ է կատարվում Խաղաղական ժամերգությունը:
– Խաղաղական ժամերգությունը հիմնականում կատարվում է Մեծի Պահոց շրջանում, քանի որ աղոթական վիճակի մեջ մեր հավատավոր ժողովուրդը լինում է այդ ընթացքում։ Իմ ծառայության ընթացքում նկատել եմ, որ մարդիկ ակտիվություն ավելի շատ այդ շրջանում են ցուցաբերում։ Կա հրահանգ՝ եկեղեցական օրացույցի համաձայն, որ Խաղաղական ժամերգություններն այդ ժամանակ կատարվեն՝ Երեկոյան ժամերգությունից հետո։
– Տեր Հրաչ, այս բոլոր ժամերգությունները կատարվում են ամե՞ն օր։
-9 ժամերգությունները եկեղեցում հիմա չեն կատարվում։ Կատարվում են Գիշերային, Առավոտյան, Երեկոյան ժամերգությունները։ Եվ հավելյալ Արևագալի, Խաղաղական և Հանգստյան ժամերգություններն են ավելանում Մեծի Պահոց շրջանում։ Վանական համալիրներում 9 ժամերգությունները կատարվել են, իսկ այսօր, քաղաքային կյանքի մեջ մի փոքր դժվարություն կլինի քահանաների համար ծառայությանը զուգահեռ։ Ես չեմ ասում աղոթքը պետք չէ, այն կարևոր է, մեր օրը աղոթքով սկսելն ու աղոթքով ավարտելը մեր հոգու խաղաղությունն է և Աստծո օրհնությունը՝ մշտապես մեր հետ լինելու, և կապն է Աստծո հետ։
– Ավարտելով՝ խոսենք այն մասին, թե քրիստոնյայի ներկայությունն ինչքանո՞վ է պարտադիր ժամերգություններին և ինչքանո՞վ է ճիշտ:
– Հովհան Ոսկեբերանը շատ հետաքրքիր խոսք ունի, ասում է՝ ինչպես Տեր Հիսուսը գնաց Երուսաղեմ և առաջին քայլը եղավ գնալ Հոր տուն՝ Աստծո տաճար, այնպես էլ լավ կլինի, որ մենք էլ մեր առաջին քայլն ուղղենք դեպի եկեղեցի, նոր մեր օրը սկսենք։ Այդպես ավելի հաջող օր կունենանք, ավելի պահպանված օր կունենաք։ Կարևոր և պարտադիր է, որ, ինչպես քիչ առաջ նշեցի, յուրաքնչյուր քրիստոնյա եկեղեցի գնա, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ քրիստոնյա ենք և ոչ թե միայն խոսքով, այլև՝ գործով և հավատքով։