Բջջային SMS-ների միջոցով փաստաբաններին գործադուլի մասին հայտնելու և դահլիճ վարձակալելու մասին դիմումը մերժել է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հունիսի 3-ին քննարկել է փաստաբաններ Գևորգ Դավթյանի, Հայկ Ալումյանի և Անի Թորոսյանի դիմումը և կայացրել որոշում:

Փաստաբաններ Գևորգ Դավթյանը, Հայկ Ալումյանը և Անի Թորոսյանը դիմելով Պալատին խնդրել են՝

1) Փաստաբանների պալատի ինտերնետային կայք-էջում տեղադրել՝ 54 փաստաբանների հայտարարությունը գործադուլի վերաբերյալ,

2) Համացանցի, ինչպես նաև բջջային SMS հաղորդագրությունների միջոցով Պալատի կողմից փաստաբաններին ուղարկել անհատական ծանուցումներ՝ նախապատրաստվող ակցիայի մասին, կցելով հայտարարությունը

3) վարձակալել մոտ 300 հոգու համար նախատեսված դահլիճ՝ հունիսի 11-ի համար:

Պալատի խորհուրդը ցանկանում է սույն որոշմամբ հաստատել այն դիրքորոշումը, որ դատական համակարգում առկա են բազում խնդիրներ, և այդ խնդիրների պատճառով էր, որ 2012թ. հունիսին Պալատի ակումբի նիստում ընտրված հանձնախումբը (այսուհետ՝ Հանձնախումբ)՝ Արա Զոհրաբյանի, Լուսինե Սահակյանի, Կարեն Մեժլումյանի, Գևորգ Գյոզալյանի և Հայկ Ալումյանի կազմով, մոտ 600 փաստաբանի մասնակցությամբ բողոքի ակցիա էր կազմակերպել:

Բողոքի ակցիային հաջորդել են տարբեր բանավեճեր, քննարկումներ, ինչպես նաև հնչել են իշխանության ներկայացուցիչների պաշտոնական դիրքորոշումներ: Շրջանառության մեջ է դրվել դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

2013թ. ապրիլի 23-ին Հանձնախմբի անդամների հերթական քննարկման արդյունքում Հանձնախմբի 4 անդամները հետևյալ դիրքորոշումն են արտահայտել՝

«..Այս ամենով հանդերձ և նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ փաստաբաններ արդարացիորեն ցանկություն ունեն շարունակել բողոքի ակցիաները, քանի որ այն խնդիրներն, որոնք մատնացույց են արվել փաստաբանների կողմից դեռևս մնում են չլուծված,

հարգելով իրենց գործընկերների դիրքորոշումը և բողոքի ակցիաներ անցկացնելու անվիճելի իրավունքը՝ հանուն ՀՀ որակյալ արդարադատության՝ ի նպաստ ՀՀ-ում բնակվող անձանց և իրենց վստահորդների,

հանձնախմբի չորս անդամները միաձայն՝

1. առաջարկում են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին՝ Նախագծերի վերաբերյալ պաշտոնական առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը,

2. հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո փաստաբանական համայնքին կներկայացվի բողոքի ակցիայի հետ կապված առաջարկ,

3. հայտարարում են, որ այն դեպքում, երբ փաստաբանական համայնքի առաջարկները կընդունվեն ՀՀ կառավարության կողմից և կդառնան օրենքներ, ապա այդ օրենքների կիրառման արդյունքում դատական իշխանության վարքագծում դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում, կհավաքագրեն և կներկայացնեն փաստեր հանձնախմբին հետագա քայլերը փաստարկված կատարելու համար»:

Հանձնախմբի հինգերորդ անդամ Հայկ Ալումյանը համաձայն չլինելով Հանձնախմբի անդամների մեծամասնության դիրքորոշման հետ (կապված բողոքի ակցիայի անցկացման ժամանակի և որոշ պայմանների հետ), որոշել է ինքնուրույն կազմակերպել բողոքի ակցիա՝ գործադուլի ձևով: Գործադուլի օր է հայտարարվել 2013թ. հունիսի 10-ը և 11-ը:

Չնայած այն հանգամանքին, որ ներկա պահին մի խումբ փաստաբանների կողմից առանձին բողոքի ակցիա անցկացնելու փաստը կարող է որոշակի առումով խոչընդոտի հանձնախմբի կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների արդյունավետությունը, այնուամենայնիվ փաստաբանների պալատի խորհուրդը փաստում է, որ օրենքով չարգելված ցանկացած բողոքի ակցիա իրականացնելը դա ցանկացած փաստաբանի կամ փաստաբանների խմբի իրավունքն է։

Պալատի խորհուրդը պահպանելով իր կողմից որդեգրված սկզբունքները, միաժամանակ հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր փաստաբանների համար ապահովվեն հավասար իրավունքներ, ընդ որում Պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում: Նման պայմաններում փաստաբանների որևէ խմբի խնդրանքով տարածք վարձակալելու որոշումը կնշանակի, որ ապագայում ևս որևէ փաստաբանի կամ փաստաբանների խմբի նման խնդրանքը ևս պետք է բավարարվի, ինչը, բնականաբար հնարավոր չէ: Այսպիսով, Պալատի խորհուրդը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Փաստաբանների պալատի նախագահն իրավունք ունի Փաստաբանների պալատի բյուջեի հաշվին վարձակալել տարածքներ միայն այն դեպքում, եթե այդ տարածքում անցկացվելիք միջոցառումը կազմակերպվել է Պալատի կողմից և այն չէր կարող իրականացվել Պալատի տարածքում: Միաժամանակ, Պալատի խորհուրդը որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի դիմումատուների ցանկության դեպքում, իրենց կողմից մատնանշած միջոցառումը անցկացնեն Պալատի տարածքում, մասնավորապես հանդիպումների դահլիճում:

Պալատի խորհուրդը ցանկանում է նաև արձանագրել, որ Պալատի կողմից ուղարկված ցանկացած տեղեկատվություն, այդ թվում նաև ուղարկված էլեկտրոնային նամակների, SMS հաղորդագրության և այլ կապերի միջոցով, հանդիսանում են Պալատի պաշտոնական տեղեկատվությունը: Պալատը բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ որոշում չի կայացրել, հետևաբար իրավասու չէ նման հայտարարություն տարածել:

Պալատի խորհուրդը ցանկանում է նշել նաև, որ յուրաքանչյուր ոք կարող է Պալատի պաշտոնական ինտերնետային էջից վերցնել բոլոր փաստաբանների և՛ էլեկտրոնային հասցեները, և՛ հեռախոսային համարները, հետևաբար Պալատի խորհրդի համար պարզ չէ, թե ինչու իրենց կողմից կազմակերպված միջոցառմանը փաստաբաններին հրավիրելու համար դիմումատուներն ինքնուրույն չեն ուղարկել էլեկտրոնային նամակներ և SMS հաղորդագրություններ, այլ այդ տեղեկատվության տարածման համար դիմել են Պալատին:

Այդ իսկ պատճառով, Պալատի խորհուրդը գտնում է, որ համացանցի, ինչպես նաև բջջային SMS հաղորդագրությունների միջոցով փաստաբաններին Պալատի կողմից, նախապատրաստվող ակցիայի մասին անհատական ծանուցումներն ուղարկելու և 2013թ. հունիսի 11-ին 300 հոգու համար նախատեսված դահլիճ վարձակալելու մասով, դիմումն ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է Պալատի ինտերնետային կայքէջում հայտարարությունը տեղադրելու խնդրանքին, ապա Պալատի խորհուրդը գտնում է, որ դիմումն այս մասով ենթակա է բավարարման, քանի որ ինտերնետային կայքէջում ենթակա են հրապարակման փաստաբաններին առնչվող կամ նրանց կողմից ներկայացված նյութերը, որոնք իրենց մեջ չեն պարունակում զրպարտություն կամ վիրավորանք:

Պալատի խորհուրդը պատրաստակամություն է հայտնում տրամադրել Պալատի դահլիճը դիմումատու փաստաբաններին:

Վերոգրյալի հիման վրա և հիմք ընդունելով “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները, որոշվել է փաստաբաններ Գևորգ Դավթյանի, Հայկ Ալումյանի և Անի Թորոսյանի դիմումը՝ համացանցի, ինչպես նաև բջջային SMS հաղորդագրությունների միջոցով փաստաբաններին Պալատի կողմից, նախապատրաստվող ակցիայի մասին անհատական ծանուցումներն ուղարկելու և 2013թ. հունիսի 11-ին 300 հոգու համար նախատեսված դահլիճ վարձակալելու մասին, մերժել:

Փաստաբաններ Գևորգ Դավթյանի, Հայկ Ալումյանի և Անի Թորոսյանի դիմումը՝ հայտարարությունը Պալատի կայքէջում տեղադրելու մասին, բավարարել:

Պալատի աշխատակազմի ղեկավարին՝

• հայտարարությունը տեղադրել Պալատի կայքէջում,

• դիմումատուների ցանկության դեպքում, տրամադրել Պալատի դահլիճը,

• սույն որոշման մասին իրազեկել դիմումատուներին:

Տեղեկացնենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել