Շատերին է հետաքրքրում, թե բուն նյութից բացի ինչի՝ մասին կարելի է խոսել բանակցությունների սկզբում և ընդմիջումների ժամանակ: Գոյություն ունեն որոշակի թեմաներ, որոնք բանակցող գործընկերների հետ ընդունված չէ քննարկել: Դրանք են՝
· քաղաքականությունը. հարկ է հաշվի առնել, որ արևմտյան երկրների բնակիչներն ավելի քիչ են քաղաքականացված, քան մենք՝ հայերս: Այդ պատճառով, քաղաքական բանավեճերը՝ հատկապես գործարարների շրջանում, ընդունված չեն.
· կուսակցական պատկանելությունը.
· կրոնի հանդեպ վերաբերմունքը.
· առողջական վիճակը.
· ծառայողական առաջընթացի, եկամուտների և ծախսերի հետ կապված խնդիրները.
· ընտանեկան վիճակը:
Զրույցի առավել հարմար թեմաներն են՝
ֆրանսիացիների հետ՝ թատրոնի, թանգարանների, գրականության, տուրիզմի, երկրի և քաղաքի տեսարժան վայրերի մասին թեմաները: Ֆրանսիացի գործարարներն արժեվորում են զրուցակցի գիտելիքները արվեստին և մշակույթին բնագավառում:
Անգլիացիների հետ զրույցն ավելի լավ է սկսել զուտ առօրեական թեմաներից՝ եղանակ, սպորտ, երեխաներ: Դրանով անգլիացի գործընկերոջը ցույց եք տալիս, որ համամարդկային արժեքներն առևտրական շահերից ավելի կարևոր են:
Ավստրալացիները շատ են սիրում սպորտը, մարզական թեմաներն ու հանգիստը: Պատմեք ձեր գործընկերներին, թե ինչպես եք հանգստանում: Երբեք չպետք է վատ բան ասել հայրենիքի մասին և քննադատել այն երկրի բարքերը, որտեղ գտնվում եք:
Գործարար բանակցությունները, որպես կանոն, անցկացվում են ընդունող կողմի մայրենի լեզվով: Հարկ է հաշվի առնել հետևյալ հոգեբանական նրբերանգը. օտարերկրացիները կարող են բավականին լավ հասկանալ ձեր մայրենի լեզուն, սակայն բանակցությունների ժամանակ հաղորդակցվեն թարգմանչի միջոցով: