Միջնակարգ կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).
3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):
Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:
Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը:
Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:
Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:
Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:
Նշենք, որ հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:
Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: