Կառավարությունը հավանություն է տվել պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծին, որով ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության մայիսի 29-ի նիստի ժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Ընդունված նախագծի համաձայն՝ շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար երեք մասերով):
Սարգսյանը հստակեցրեց, որ այս պահի դրությամբ գործող օրենսդրությամբ՝ շարքային զինվորական կազմը 24 ամսվա ընթացքում արձակուրդ է գնում 10 օրով, իսկ սերժանտական կազմը՝ 15 օրով։
«Այս առաջարկով՝ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա ընթացքում կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր արձակուրդ»,-մանրամասնեց Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում՝ զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:
Նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխության համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպաները կկարողանան ձեռք բերել բնակարան շուրջ 35 մլն դրամ հաշվարկով՝ պետբյուջեից հիփոթեքային վարկավորմամբ։
«Առաջարկվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործող համակարգը փոխարինել և դարձնել նրանց կարիքներին համահունչ, այսինքն՝ սահմանել հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունք՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին»,-նշեց Հրաչյա Սարգսյանը՝ առաջարկելով հավանություն տալ օրենքի նախագծին և Ազգային ժողովի կողմից դրա քննարկումը համարել անհետաձգելի՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։
Պաշտպանության նախարարի տեղակալը հայտնեց, որ նոր մեխանիզմի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած ու սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են բնակարան ձեռք բերել իրենց ցանկությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզում․ «Կապ չունի՝ բնակարանը Երևանում ձեռք կբերվի, թե մարզերում, մենք բոլորին նույն սահմանաչափն ենք տալիս։ Այս պահի դրությամբ կադաստրի միջինացված արժեքը նախատեսել ենք 80 քառակուսի մետր մակերեսի համար՝ շուրջ 35 միլիոն դրամի շրջանակներում»,- մանրամասնեց Սարգսյանը։