Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս փաստացի չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ավելին, աշխատավարձը և այլ վճարումներ վերջիններիս բանկային հաշվիներին փոխանցվելուց հետո կանխիկացվել են մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից և փոխանցվել տնօրենին։ Արդյունքում, մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել՝ յուրացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 930 հզր 512 ՀՀ դրամ և վատնվել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 699 հզր 373 ՀՀ դրամ գումար։ 

Բացի այդ, տնօրենն իր կողմից աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձը և այլ վճարումներ յուրացնելու և վատնելու նպատակով ստորագրել և հաստատել է վերջիններիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամերի մասին ակնհայտ կեղծ տվյալներով տեղեկագրեր:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ ՀՀ-ում գործող տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 15 մլն 993 հզր 511 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։

ԼՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական կեղծիքը), ՆՀ-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ՄԶ-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ՆԶ-ի, Ռ.Գ.-ի, Վ.Գ-ի և ՍՀ-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։ 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել