Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել և ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյան։

Սահմանադրական դատարանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասը ճանաչել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող, ինչը նշանակում է, որ օրենքի ամբողջ փաթեթը չի ստորագրվելու։

Հակասահմանադրական ճանաչված կետերն են․

«3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինքԻրավաբան․net-ը ուսումնասիրել է որոշման նախագիծը և  խնդրահարույց ու հակասահմանադրական դրույթներ հայտնաբերել։

Փոփոխության համաձայն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, մինչև հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Այս դեպքում լիազոր մարմին է հանդիսանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունն է նշանակելու բուհի ռեկտորին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Հավելենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքներ հայտնել են մի շարք կառույցներ՝ Հանրային խորհուրդըԵրևանի պետական բժշկական համալսարանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը և այլն։

Իրավաբան.net-ի հետ թեմայի վերաբերյալ խոսել են Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել