«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հանրային խորհրդը հայտնել է իր դիրքորոշումը․
«Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը:
Անհնարին է չվրդովվել, որովհետև, ինչպես բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում:
Ըստ երևույթին անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ հանրային քննարկման չեն էլ դրվել:
Ի դեմս այդ փաստաթղթի, ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից: Ելնելով վերոշարադրվածից՝
Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները նշում են, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը:
Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները գտնում են.
- Ազգային ժողովից հետկանչման ենթակա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
- Ստեղծել բուհական կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքների նախագծեր՝ ոլորտների շահառուների և պրոֆեսիոնալների մասնակցությամբ, հաշվի առնել արված դիտողություններն ու առաջարկությունները, որոնց վրա նույնպես մասնագետներ են աշխատել:
- Պնդում ենք մեր նախկին առաջարկության վրա, տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին: Պատերազմը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, ռազմաարդյունաբերական հզոր համալիր ստեղծելու հայեցակարգ, որը պիտի հիմնվի մեր երկրի գիտական և արդյունաբերական ներուժի վրա:
- Վերջ տալ հանրային քննարկումների տեսլական ստեղծելու, հանրության առաջարկությունները, դիտողությունները, կարծիքներն իբր հաշվի առնելու, այլընտրանքային կարծիքները կոպտորեն խլացնելու, և սուտը պետական գործելակերպի բաղադրիչ դարձնելու արատավոր պրակտիկային»: