Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստին՝ օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունեց ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» որոշման նախագիծը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրավաբան․net-ը ուսումնասիրել է որոշման նախագիծը և խնդրահարույց ու հակասահմանադրական դրույթներ հայտնաբերել։
Փոփոխության համաձայն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, մինչև հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Այս դեպքում լիազոր մարմին է հանդիսանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունն է նշանակելու բուհի ռեկտորին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
Թեմայի մասին Իրավաբան.net-ը զրուցել է իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ, ում խոսքով՝ օրենքի անցումային դրույթներում նշվում է, որ փոփոխությունների համաձայն, մինչև համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Եվ այդ կարգով նշանակվող ռեկտորի, տնօրենի նկատմամբ մի շարք հոդվածների պահանջներ չեն կիրառվում։
«Նշանակում է, որ բուհի ռեկտորը, ով կարող է մինչև 5 տարի պաշտոնավարել, կարող է բուհում դասավանդման և վարչական աշխատանքի, կամ գիտական և ղեկավար աշխատանքի, կամ բարձրագույն կրթության կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ չունենալ»,-նշում է Սյուզաննա Սողոմոնյանը։
Իրավաբանը նշում է, որ օրինագծի անցումային դրույթներ հոդվածի 13-րդ մասով նախատեսվում է.
«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի, տնօրենի նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 24-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերի, 31-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջները չեն կիրառվում»:
Եթե բացենք վերոհիշյալ դրույթը, ապա կտեսնենք անցումային դրույթներով ինչ պահանջներ չեն կիրառվելու ԿԳՄՍ նախարարի կողմից բուհերում և գիտական կազմակերպություններում հինգ տարուց ոչ ավելի ժամկետով ռեկտոր, տնօրեն նշանակելու սահմանադրությանը հակասող իրավակարգավորման դեպքում: Դրանք են․
31-րդ հոդվածի (բուհի ռեկտորը) 2-րդ կետը․
Բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և՝
- բուհում դասավանդման և վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ,
- գիտական և ղեկավար աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ,
- բարձրագույն կրթության կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- ղեկավար աշխատանքի առնվազն 5 և բուհում դասավանդման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
24-րդ հոդվածի 9-րդ կետը․
Գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի կազմակերպության գիտական գործունեության ուղղությամբ գիտական աստիճան և բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 10 տարվա աշխատանքային, որից առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ:
24-րդ հոդվածի (Գիտական կազմակերպության կառավարումը և կառավարման մարմինները) 11-րդ կետը․
Գիտական կազմակերպության տնօրեն ընտրվում է սույն օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ կազմակերպության կառավարման խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն կազմակերպությունում ընտրվել տնօրենի պաշտոնում:
24-րդ հոդվածի (Գիտական կազմակերպության կառավարումը և կառավարման մարմինները) 13-րդ կետը․
Գիտական կազմակերպության կառավարման խորհրդի կողմից տնօրենի ներկայացված բյուջեի նախագիծը կամ գիտական կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունն երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
29-րդ հոդվածի, որով սահմանվում են բուհի կառավարման խորհրդի լիազորությունները․ համապատասխանաբար 3-րդ և 7-րդ կետերը, ըստ որի կառավարման խորհուրդը՝
- մշակում և հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը, կազմակերպում է ռեկտորի ընտրությունը, ընտրում է ռեկտորին, կայացնում է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշում,
- ռեկտորի ներկայացրած բյուջեի նախագիծը կամ բյուջեի կատարման հաշվետվությունն երկու անգամ անընդմեջ չհաստատելու դեպքում՝ քննարկում և քվեարկում է ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը,
31-րդ հոդվածի (բուհի ռեկտորը) 12-րդ կետը․
Բուհի գործունեության մասին ռեկտորի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում ռեկտորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է: