Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստին իրավիճակի լուծման առաջարկ ներկայացրեց

Տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Նշենք, որ նիստին մասնակցում են նաև խորհրդարանի ներկայացուցիչներ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ նոր է վերադառնում Գեղարքունիքի մարզից և ցանկանում է իր տպավորություններով կիսվել։ «Ուզում եմ նաև իրադրության լուծման առաջարկով հանդես գալ։ Իրադրությունը լարված է, լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է։ Այսինքն, ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունեկելու է լարվել․ ինչու՞, որովհետև վերջին օրերի՝ 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանակն զինվորները, մեր զինվորներն ու մեր ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են։

Այսինքն՝ ըստ էության, գտվում են ոչ միայն դեմ դիմաց, այլև՝ խառը, փոխներթափանցած վիճակ է և ինչու՞ է իրադրությունը լարվելու․ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց ամենտարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունը, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլը անել և այսպես շարունակ։

Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման։ Հիմա ես չեմ ուզում կրկնել այն գնահատականներն ու դիրքորոշումները, որ մի քանի անգամ ասել եմ, այլ ուզում եմ առաջարկել լուծում․ դիվանագիտական, խաղաղ հանգուցալուծում իրավիճակի, որը կբերի լիցքաթափման։

Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որ մեր և իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են։ Մենք իհարկե գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը։ Բայց, քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը, սա անում եմ հայ հանրության առաջ և այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից։ Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում և 5 կիլոմետր էս կողմ, թե 10 կիլոմետրի վերաբերյալ պատկերացում չկա՝ որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ 1, 2, 3։ Ենթադրաբար, մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն, սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ, Ռուսաստանը, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։ Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն զորքեր չի մոտեցնում սահմանագծին։ Ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է․ տվյալ դեպքում այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Տվյալ դեպքում իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն և այս գործընթացը պետք է տեղի ունենա ՌԴ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո»-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել